«Առաջին օրը, երբ Ադրբեջանը հասցրեց մասսակայան օդային և հրթիռահրետանային հարված, այդ օրն էլ Վարդենիսի ուղղությունը թիրախավորվել էր: Իսկ ճակատ բացելու վերաբերյալ խոսակցությունները նոր չեն, այդ ճակատը առաջին իսկ օրվանից օգտագործվել է Ադրբեջանի կողմից: Նոր ուժերի կուտակման մասին չեմ կարող որևէ բան ասել. ես կարծում եմ՝ ուժերի կուտակման և նմանատիպ այլ գործողությունները իրենք իրենց բնույթով ընթացիկ են և նորություն չեն: Լայնածավալ գործողություններ չենք բացառում, թիրախավորումը ինքնին արդեն պրոցես է»,- այս մասին այսօր ասուլիսին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ ԱԹՍ-ի հարվածներից, որոնք ուղղված են եղել քաղաքացիական բնակչությանը, նախնական տվյալներով չկան զոհեր և վիրավորումներ, բայց ընթացքում կարող են ավելի ճշտված տվյալներ լինեն:

Լրագրողի այն հարցին, թե, ըստ իր ֆեյսբուքում կատարած գրառման, Ադրբեջանի հիմնական հարձակումը, որ ուղղություններում է նախատեսվում, պատասխանեց. «Որպես կանոն դրանք հիմնականում նույն ուղղություններն են՝ Արցախի հյուսիսային և հարավային ուղղությունները, Մերձարաքսյան հովիտը, Թալիշի և Մատաղիսի ուղղությունը: Այլ ուղղությամբ էլ են ընթանում մարտեր՝ Մարտունու, Ասկերանի որոշակի հատվածներում: Բայց հիմնական ուղղությունը Արցախի հարավային և հյուսիսային հատվածներն են»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը: