Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբն» այսօր պաշտոնական հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի շուրջ վերսկսված պատերազմական գործողությունների առնչությամբ՝ «Տեղի ունեցածը հանցագործություն է» խորագրով։

 

Ստորև ներկայացնում ենք ամբողջական հայտարարությունը․

«Եվ այսպես, Ադրբեջանն ու նրա հետևում կանգնած Թուրքիան ընտրել են պատերազմը՝  Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը հօգուտ իրենց լուծելու համար։ Երկիրը՝ հայտնի ողջ աշխարհին 20-րդ դարասկզբին իր հայ բնակչության մասսայական բնաջնջմամբ, 100 տարի անց մատակարարում է և խրախուսում է նախկին միութենական հանրապետությանն իր մղումներում՝ "թույլ չտալ այսպես կոչված երկրորդ հայկական պետության հետագա գոյությունը", "մաքրել օկուպացված հողերը"։
Նրանց պետք են միայն հողերը։ Ինչպես և 20-րդ դարում, այժմ էլ մարդիկ նրանց պետք չեն։ Հենց այդ պատճառով էլ ակտիվ մարտական գործողությունների առաջին իսկ օրը ռմբակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին, որտեղ ռազմաճակատի ոչ մի գիծ չկա ։

 

Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» տեղի ունեցածը համարում է հանցագործություն։ Ինչպես և շատերը մենք հուլիսին մեր՝ «Թույլ չտալ պատերազմ» հայտարարության մեջ (https://lazarevsky.club/novosti/ne-dopustit-vojny/ (https://lazarevsky.club/novosti/ne-dopustit-vojny/) ) զգուշացրել էինք լարվածության աճի մասին, որն ամբողջ տարածաշրջանը կարող է հանգեցնել ապոկալիպսիսի։ Մենք հիշում ենք նման փորձ 2016 թվականի ապրիլին։ Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է եւ լայնածավալ։ Գուցե նաև այն պատճառով, որ հրադադարի բազմամյա ռեժիմի խախտմամբ՝ 2016-ի նախաձեռնությունը Ադրբեջանի ղեկավարությունը մարսեց։
Որպես պատասխանատու մարդիկ ՝ մենք հեռու ենք հակամարտող կողմերի վարքագիծը իդեալականացնելու ցանկությունից, բայց ադրբեջանա-թուրքական քարոզչության ֆեյքերը, Ադրբեջանի զինված ուժերի «հակահարձակման» մասին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի կողմից առասպելական «հարձակման», վիրավորում են գիտակցությունը ։
Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ջանքերը, որոնք ձեռնարկվում են անհապաղ հրադադարի համար։ Ռուս և հայ ժողովուրդների քրիստոնեական արժեքները թույլ չեն տալիս ուրախանալ օտարի մահով, քանի որ «զանգը միշտ քո՛ մահն է գուժում»։ Հավատում ենք Կովկասում խաղաղ ապրելու հնարավորությանը, անգամ բազմամյա փակուղուց ելք գտնելու կարողությանը։ Կամքի եւ ցանկության դեպքում: Որպեսզի այդպես լինի, իրավախախտը չպետք է իր վարքագծի հետևանքով շահառու դառնա»,-ասված է հայտարարության մեջ։
 
Ռուս-հայկական միջազգային «Լազարյան ակումբը» հիմնադրվել է 2018թ-ին՝ ՌԴ Պետ Դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ և մի շարք հայտնի քաղաքական–հասարակական գործիչների մասնակցությամբ։