ավուշում հուլիսյան սահմանային բախումներից հետո, երբ հարաբերական անդորր էր, իշխանության որոշ ներկայացուցիչների համար առիթ էր ստեղծվել մեկնել սահման և այնտեղից տարատեսակ հայրենասիրական լուսանկարներ հրապարակել, ասել է թե՝ տեսեք-տեսեք, մենք էլ ենք եկել աջակցելու մեր սահմանին կանգնած տղաներին, մեր սահմանին բնակվող հայրենակիցներին: Ընդ որում, սահման մեկնողների «սաստավը», մեղմ ասած, տարակուսանք էր առաջացնում: Դրանք այն մարդիկ էին, ովքեր բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արդեն երկու տարուց ավելի է փորձում են թիրախավորել հայկական բանակը և գեներալիտետին: Սակայն, դա դեռ ամենը չէ՝ այս անձինք հավաստիացնում էին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կմեկնեն առաջնագիծ: Այսօր Արցախում արդեն չորրորդ օրն է` շարունակվում է գոյամարտը, սակայն սելֆիստների ջոկատից դեռևս նորություն չկա, կամ էլ վերջիններս հայտարարում են, որ իրենց հարմար չէ այս պահին կատարել հայրենիքի առաջ պարտքը կամ զորակոչի ենթակա չեն: 

Դիցուք՝ Դանիել Իոաննիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միության» նախագահը, պատվավոր սորոսական, ով երբեք առիթը բաց չի թողել փնովելու ուժային կառույցներին: Նրա համար գեներալ Մանվելը հանցագործ էր, իսկ մեր մյուս գեներալները՝ ՌԴ-ում ապաստարան մուրացող վախկոտներ: Եվ հենց նա էր հայտարարում, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը ուղղակի պետականության արժեզրկմանն է ուղղված: Հուլիսին նա սելֆի էր անում Բերդ քաղաքում, այսօր հայտարարում է, որ ինքը զորակոչի ենթակա չէ: 

Հուլիսյան սելֆիների շարքի հաջորդ հեղինակը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էր, ում պատկանող վրացալեզու կայքը, հիշեցնենք, հայկական կողմին մեղադրում էր ադրբեջանցի խաղաղ բնակիչների վրա կրակելու մեջ: Նույն Խառատյանը, ով ջանասիրաբար թուրք է ներում: Հուլիսին Խառատյանը սահմանին հաց էր ուտում, այսօր նա շուտափույթ կերպով մեկնել է ԱՄՆ և անգամ միտք չունի վերադառնալ և իր հայրենասիրությունը ապացուցել գործով: 

 

Հուլիսին Բերդ քաղաքում «հավերժացել» էր նաև «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: Նա էլ իր հերթին յուրաքանչյուր առիթ օգտագործում է հայտարարելու համար, որ բանակում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանց մասին ոչ բարձրաձայնվում է, ոչ էլ լուծում է տրվում: Այսօր, երբ Արցախում պատերազմ է, Դավիթն և իր սորոսական ընկերները չեն շտապում կամավորագրվել հայոց բանակին՝ թերևս նրանք ավելի կարևոր գործեր ունեն կիսատ թողած: 

Իրավիճակի թեժության գրադուսի նվազելը հուլիսին Բերդ էր բերել նաև Հեղափոխության պահապանների անվախ անդամներին: Հիշեցնենք, հենց նրանք էին սպառնում ջարդել Արցախի նախագահի գլուխը, խոչընդոտում էին գեներալ Մանվելի՝ ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխելը, հայկական զինված ուժերի համազգեստը հագնելով նսեմացնում էին մեր գեներալիտետի ձեռքբերումները, աջ ու ձախ սպառնալիքներ շաղ տալիս հող ազատագրածների հասցեին: Այսօր նրանց դուխից, կարծես, ոչինչ չի մնացել, համենայնդեպս վերջիններիս ծպտունները անգամ չենք լսում: 

Ռազմաճակատ գնալը այս պահին հարմար չի նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Վերջինս հենց այդպես էլ հայտարարել է` չթաքցնելով, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը բնավ էլ իր համար առաջնահերթ չէ: 

Իմ քայլի պատգամավոր Արեն Մկրտչյանը նույնպես մեկնել էր սահման՝ լուսանկարվելու և վերահաստատելու անհրաժեշտության դեպքում հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը: Այսօր Արեն Մկրտչյանը նման ցանկություն բնավ չի հայտնում, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է: 

Հուլիսին սահմանին լուսանկարվում էր նաև Իմ քայլի պատգամավոր Վահե Ղալումյանը, վերջինիս պատերազմական ոգին, սակայն, մինչ օրս զգացվել է միայն ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր ծեծելուց: Այսօր էլ Ղալումյանը չի ցանկանում կամավորագրվել հայկական բանակին, թերևս պատգամավորի պարգևավճարից կտրվելը հոգեբանորեն բավական դժվար է: 

Ընդ որում, նշենք, որ նախկինում էլ կարող էինք ականատես լինել նման իրավիճակների:Ամեն անգամ մարտական գործողություններից հետո Հայաստանի պաշտոնյաների շրջանում սահման գնալու «վիրուս» էր տարածվում: Փաստորեն, պաշտոնյաները, որոնցից շատերը տարբեր ձեւերով խուսափել էին բանակում ծառայելուց, այդ օրերին ինչ-որ տեղից զինվորական համազգեստ էին ձեռք բերում, հագնում եւ գնում են սահման ու այնտեղ նկարվելուց հետո վերադառնում: Այս հանգամանքի վրա ուշադրություն էր հրավիրել նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀԿ-ին մեղադրում էր սահմանին սելֆիներ անելու և զինվորի հաշվին փիառվելու մեջ:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է փոխվել այսօր… Թերևս, ոչինչ. փիառվողները փիառվում են, իսկ իրական հերոսները շարունակում են լինել մեր սահմանապահ գյուղերի բնակիչները, ովքեր անկախ ամեն արհավիրքից չեն լքել և չեն լքի իրենց հայրենի օջախները: Հերոսները շարունակում են լինել մեր փառապանծ բանակի հերոսները, ովքեր պատվով և փառքով են այս օրերին կատարում իրենց առջև դրված խնդիրները, ապահովելով Հայաստանի և Արցախի, այդ թվում՝ սահմանին սելֆիացավով տառապով իշխանավորների և մերձիշխանական խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը…