Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ որոշում եմ կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում արձանագրված խնդիրները և կապի ոլորտի ռազմավարական նշանակությունը պատերազմում գտնվող երկրի ու ժողովրդի համար՝ կառավարումը դարձնում ենք պետական:

Վստահ եմ, որ ռազմական դրության պայմաններում մեզ կհաջողվի ապահովել անխափան կապն Արցախի Հանրապետության տարածքում՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները:

Նշեմ, որ մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար, իսկ այն խոստումները, որոնք տրվել են մեր հանրությանը՝ սակագների էական նվազեցման, կապի որակի բարձրացման և զարգացման առումով, բոլորն հընթացս իրականացվելու են: