Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջ երկայնքով սկսած 6-օրյա ռազմական գործողություններն այսօր նոր թափ են ստացել. թշնամին կիրառել է կասետային զենք: Այն արտաքինից սովորական ռումբ հիշեցնող բարակ պատերով պատյան է, որում տեղադրվում են տասնյակ փոքրիկ ռումբեր կամ ականներ։ Հրթիռով արձակված պատյանի պատերը որոշակի բարձրության վրա պայթում են, և մեծ տարածքի վրա վայր են ընկնում տասնյակ փոքրիկ ականներ․ դրանք կարող են լիցքավորված լինել թե՛ սովորական պայթուցիկով, թե՛ քիմիական նյութով։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ նման զենքի կիրառումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված է, հատկապես, քաղաքացիական բնակչության և բնակելի հատվածների հանդեպ. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը իր ձեռքի տակ ունեցած բոլոր զինատեսակները օգտագործել է. հրթիռային համակարգեր, գրադ կայանքներ, հրետանիներ: Սրանք թշնամու ձախողած փորձերն են, նրանք ձախողել են դեռևս սեպտեմբերի 28-ին՝ պատերազմից մեկ օր հետո»:
Փորձագետը վստահ է՝ մեր համարժեք հակահարվածը թշնամուն Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի ազատագրումը կլինի, իսկ զենքերն ու զինատեսակները այլևս էական դերակատարում չեն ունենալու՝ պատերազմի ելքը փոխելու համար:
Հարցին, թե ինչ զինատեսակ պետք է կիրառի հակառակորդը, որպեսզի մենք էլ մեր «Իսկանդերը» օգտագործենք, փորձագետը պատասխանեց. «Մենք դեռևս չենք օգտագործել մեզ մոտ եղած բոլոր զինատեսակները՝ հաշվի առնելով, եթե օգտագործենք, օրինակ, այդ մեծ հեռահարությամբ և հզորությամբ հրթիռային համակարգը՝ ադրբեջանական բնակավայրերը լուրջ կորուստներ կունենան, որովհետև նրանք իրենց բոլոր զինատեսակները, հիմնականում, տեղադրել են բնակավայրերի ներսում կամ հարակից տարածքներում՝ վտանգելով տեղի բնակչության կյանքը: Դրա համար մենք պահպանում ենք մարդասիրական բոլոր նորմերը, անգամ, պատերազմի ժամանակ»:
Թշնամին այս մի քանի օրվա ընթացքում կորցրել է այնքան զրահատեխնիկա, զինծառայողներ, որ, կարելի է ասել, համարժեք պատասխանն արդեն հասցրել ենք. «Անընդհատ հարձակվում են և չեն կարողանում մարտական խնդիրը կատարել՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մոտ բարոյահոգեբանական վիճակը կտրուկ անկում է ապրում և դրա լավագույն ապացույցը Ադրբեջանի ՊՆ խոսնակի հուսահատ, շփոթված, հուզված պատասխաններն էին մի քանի օր առաջ»,- նկատեց փորձագետը և հավելեց. «Սա է իրականությունը և այդ իրականությունը միայն մամուլի խոսնակի մոտ չէ. կա նաև իրենց զինանձնակազմի մոտ»:
«Ադրբեջանցի զինծառայողները, տեսնելով իրենց կորուստները, հոգեբանորեն ճնշվում են՝ պարտվողական տրամադրություններից: Նաև Ադրբեջանում կան բնիկ ժողովուրդներ, որոնք ընդդիմանում են այս պատերազմի դեմ, բայց սա իրենց պատերազմը չէ, սա Թուրքիայի պատերազմն է, որտեղ գործիք է օգտագործվում Ադրբեջանը, իսկ Ալիևը փործում է մեկ կրակոցով երկու թիրախ հարվածել՝ մարտի դաշտ նետելով, հիմնականում, անջատողական տրամադրություններ ունեցողներին և բնիկ ժողովուրդներ համարվողների զավակներին»:
Նահապետյանը պնդում է՝ թշնամուն համարժեք պատասխան հասցնելը զենքի դիմաց՝ զենքը չէ. «Պատերազմում առաջնայինը զինծառայողի հոգեբանական վիճակն է, իսկ հայկական կողմի վիճակը գերազանց է: Պատերազմում, մեծ հաշվով, տեխնիկան չի հաղթում, հաղթում է մարդը. սա է իրականությունը»:
Արփինե Հակոբյան