Ադրբեջանական զինված ուժերը, հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, դիտավորյալ, ուժգին եւ թիրախային կերպով հարվածել են Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մասնավորապես, Ադրբեջանի կողմից թիրախավորվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որն իրականացնում է փրկարար ու մարդասիրական գործունեություն:

Նախնական տվյալներով՝ դիտավորյալ ու հասցեական թիրախավորման արդյունքում կան վիրավորված քաղաքացիական անձինք եւ մեծածավալ նյութական վնասներ: Տվյալները ճշտվում են:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց եւ պետական մարմինների թիրախավորումը եւս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է վարում՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ներառյալ՝ կատարելով պատերազմական ծանրագույն հանցագործություններ:

 

Մինչեւ այս միջադեպը, Ադրբեջանը կիրառել է կասետային հրթիռներով «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր Հադրութ քաղաքի քաղաքացիական նշանակության օբյեկտների վրա, որի արդյունքում վիրավորվել է երեք անձ: Սա այս օրերին քաղաքացիական նշանակության օբյեկտների դեմ կասետային զենքի կիրառման առաջին դեպքը չէ, ինչը նույնպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ից սկսած ամեն օր իրագործվող պատերազմական հանցագործությունները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության այսօրվա թիրախավորումը: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին հստակ գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին՝ պաշտպանելով Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները: Միջազգային հանրությունն ուղիղ պատասխանատվություն է կրում իրականացվող հանցագործությունների հետեւանքների համար, եւ պետք է բացառվի Արցախի քաղաքական կարգավիճակով պայմանավորված խտրականությունն ու անտեսումն Արցախի բնակչության հանդեպ: