Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Նարեկ Երիցյանը երկու ամիս էլ չկար, ինչ զորակոչվել էր բանակ։ Նարեկը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր։ Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ երկու քույր, միջնեկն ինքն էր։ Մերօրյա հերոսներին ճանաչելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց Նարեկի դասընկերուհի Արփինե Թորոսյանի հետ:

«Բացի այն, որ մենք միևնույն դասարանից ենք եղել, նաև ընտանիքներով ենք շատ մտերիմ եղել։ Միասին դասի էինք գնում ու դասից տուն վերադառնում։ Նարեկը իր էությամբ զուսպ, հավասարակշռված, խելացի, ուժեղ տղա էր։ Բոլորից տարբերվում էր իր յուրահատուկ մտածելակերպով, իր նիստուկացով։ Մեր Նարեկը դաստիարակված ընտանիքի դաստիարակված տղա էր։ Չի գտնվի մեկը, որ իր մասին վատ բան կասի, չկա մեկը, որին օգնած չլինի, ցանկացած հարցով կարող էիր հանգիստ դիմել նրան ու վստահ լինել, որ դա մնալու էր երկուսիդ մեջ»,- նշեց Արփինեն։

Վերջինս ասաց, որ Նարեկը ուներ բազում նախասիրություններ, որոնցից մեկով էլ անգամ պարգևատրվել է մեդալներով․ «Նարեկը շատ երկար տարիներ բոքսի է գնացել, ունի բազմաթիվ մեդալներ։ Մասնակցել է շատ մրցույթների նաև լավ նկարում էր։ Սիրում էր ժամանակ տրամադրել քանդակելուն։ Հաճույքով փայտից պատկերներ էր ստանում»,- ասաց զոհված զինծառայողի դասընկերուհին։

Ըստ մեր զրուցակցի՝ Նարեկը ամաչկոտ էր․ «Ամեն անգամ, երբ հարցնում էի՝ Նարեկ ընկերուհի կամ սիրած աղջիկ ունե՞ս, կարմրում էր, ժպտում ու ասում՝ դեռ ժամանակը չէ»։

Արփինեն նշում է, որ Նարեկը իր տեսակով յուրահատուկ էր՝ ուրիշ էր Նարեկը պայծառ, լուսավոր ու դրական․ «Ամանորյա հավաքույթը միասին էինք կազմակերպել, այնքան էինք պարել, որ էլ ասելու չէ։ Ամեն տարի Ճամբարակում ձմռանը լինում է «Ձյունե հեքիաթ» միջոցառում, և  այս տարի ամբողջ ձևավորումը Նարեկն էր արել իր ընկերների հետ»,- ընդգծեց դասընկերուհին։

Մեր այն հարցին, թե ի՞նչ տրամադրությամբ էր Նարեկը զինակոչվել բանակ, պատասխանեց․ «Ինքը շատ հայրենասեր էր, շատ ուրախ ու ոգևորված էր, որ պետք է ծառայի։ Միշտ քարտեզին էր նայում ու ասում՝ ես պետք է այստեղ ծառայեմ, ու ցույց էր տալիս առաջնագծերը՝ Հադրութն ու Մարտակերտը»։

«Նարեկին բոլորն էին սիրում, իսկ հիմա՝ նա արդեն իմ ու բոլորի հերոսն է։ Իմ հերոս Նարե‘կ, քեզ միշտ հիշելու եմ՝ որպես լուսավոր, բարի, անկեղծ ու ժպտերես ընկեր։ Մինչև այս պահը չեմ հավատում, որ Նարեկը այլևս չկա ու չեմ հավատալու դրան։ Հիմա էլ նա կա ու լինելու է հավերժ»,- եզրափակեց Արփինեն։

Զվարթ Պետրոսյան