«Նախորդ իշխանություները չեն բացառել տարածքների վերադարձը, և դա շատ հարմար է եղել Իլհամ Ալիևին: Այդ մասին բազմիցս խոսվել է, այդ մասին իր հարցազրույցում խոսել է, նույնիսկ, Սերժ Սարգսյանը և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է միայն ուրախ լինի, որ Ալիևի համար Փաշինյանը հարմար բանակցող չէ, որովհետև Փաշինյանը ներկայացրել և ներկայացնելու է հայ ժողովրդի շահերը և հայ ժողովրդի հարմարավետությունը»,- այս մասին ճեպազրույցին ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա նաև խոսեց Ռուսաստանում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ. «Ես ուզում եմ՝ երկու բան արձանագրենք, որը շատ կարևոր է: Առաջինը, որ սա հումանիտար առաջարկ է, որը եղել է ՌԴ-ի կողմից, և երկրորդ արձանագրումը այն է՝ մենք այսօր գտնվում ենք պատերազմի մեջ թուրք-ադրբեջանական զինված ուժերի և քաղաքական ուժերի դեմ: Մշտապես պետք է հույս ունենանք, որ լավագույն արդյունք կունենանք, ինչի համար արվում է ամեն ինչ: Կառավարության և մեր կուսակցության աշխատանքը ո‘չ ժամ ունի, ո‘չ պատարագ: Արդեն քանի օր է՝ մենք ռազմաճակատի դիվանագիտական մասը ապահովում ենք, և, տեսնելով համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների արձագանքը՝ կարող եմ ասել՝ այդ մասով մենք, միանշանական, հաջողել ենք»,- ասաց նա:
Սիմոնյանը այն կարծիքին է, որ բանակցային սեղանի շուրջ վերադառնալը թերևս վաղ է. «Որևիցե միակողմանի զիջում տարծքների տեսքով, որի մասին խոսվել է նախկին իշխանությունների կողմից, չի կարող քննարկվել: Մենք պետք է գիտակցենք՝ բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունները միանձնյա պայքարերել են համաշխարհային տեռորիզմի աշխարհի մեծագույն բանակի՝ Ադրբեջանի դեմ, և փա‘ռք մեր զինվորներին և սպաներին, որ կարողանում են հոգեբանորեն և մարդկայնորեն դիմակայել մինչև վերջ»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Խոսելով ԱԱԾ արդեն նախկին տնօրենին աշխատանքից ազատելու մասին՝ Ալեն Սիմոնյանը լրագրողներին վստահեցրեց, որ որևէ արտաքին գործոն չի կարող պատճառ հանդիսանալ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու. «Ես ԱԱԾ-ի տնօրենից չեմ կարող դժգոհ կամ գոհ լինել, ԱԱԾ-ի տնօրենը ՀՀ վարչապետի ուղիղ ենթակայության տակ է »,-եզրափակեց նա: