Այս կռիվը Արցախի համար չէ, այս կռիվը տարածաշրջանը վերաձեւելու փորձ է Թուրքիայի կողմից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Նրա խոսքով, արդեն Ադրբեջանը չի որոշում՝ հարձակվի, թե չհարձակվի, նահանջի, հրադադար հաստատի եւ այլն. «Այդ որոշումները կայացվում են Թուրքիայում։ Մեծ հաշվով տարօրինակ չէ, որ Թուրքիան հաշվի չի նստում հրադադարի ռեժիմի հետ։ Երկրորդ պատճառն էլ կա. նույնիսկ կարճատեւ հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու տեղեկատվություն ստանալ իրենց կորուստների իրական թվի մասին, ինչը ներքաղաքական լրջագույն պրոբլեմներ է ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար։

Գիտեք, որ հարձակվող կողմը անգամներով ավելի շատ կորուստներ է կրում եւ կրել նման կորուստներ ոչնչի դիմաց, կամ դիրքի, անգամ գյուղի դիմաց, դա այս պահի դրությամբ տոտալ պարտություն է։ Դրա համար իրենք փորձում են հնարավորինս բարելավել իրենց դիրքերը, որպեսզի երբ բացահայտվի իրենց կորուստների քանակը, գոնե իրենց հասարակությանը ներկայացնելու բան ունենան»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե արդյոք այս օրերին Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց. «Մեր կողմից Արցախի անկախության ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխում, մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն գոնե այնքան, որքան մենք ենք ճանաչում։ Այսինքն եթե այլ երկրներ արդեն սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության մեխանիզմներ ստեղծվեն, ինչպես մենք ունենք Արցախ հետ, դա արդեն մեծ առաջընթաց կլինի։

Ճանաչման տարբեր մակարդակներ կան, անպայման չի, որ հենց հիմա ճանաչվի որպես անկախ պետություն, դեսպանություն բացվի եւ այլն։ Դա վերջին փուլն է։ Հիմա արդեն Արցախի գոյամարտի ճանաչման գործընթաց է գնում, այդ պրոցեսը աննկատ սկսվել է արդեն։

Այլ ճանապարհ չկա, կամ էլ աշխարհը պետք է ասի՝ ցանկացած պետություն իր այսպես կոչված միջազգայնորեն ճանաչված տարածքում ինչ ուզի կարող է անել»։