Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը թարմացրել է Արցախի բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ իր երկրորդ միջանկյալ զեկույցը՝ դրանում ներառելով հոկտեմբերի 9-ից մինչև 12-ը արձանագրված նոր դեպքերն ու փաստերը: Այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը:
Մասնավորապես, զեկույցում ավելացվել են մարդկային ու նյութական կորուստների վիճակագրությունը, հոկտեմբերի 10-ին Հադրութում արձանագրված վայրագությունների մասին որոշ տվյալներ, զինծառայողների հանդեպ կատարված հանցագործությունների որոշ ապացույցներ ու միջազգային իրավական վերլուծություն:
Մինչև հոկտեմբերի 12-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 31 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 23 տղամարդ: Հիշյալ անձանցից 18-ը սպանվել է անմիջապես իր բնակության վայրում (այդ թվում՝ մանկահասակ աղջիկը և հինգ կանայք), 3-ը՝ աշխատանքի վայրում, 10-ը՝ հասարակական այլ վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս և այլն): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (10 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ), Զագլիկ (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (2 անձ) և Տիգրանակերտ տեղամասում (1 անձ):
Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 106 մարդ, որից 86 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 70-ը արական, իսկ 16-ը' իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 45-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում, 6-ը' համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 12-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 23-ը' հասարակական այլ վայրերում:
Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 36 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում' 5 անձ, Թաղասեռ համայնքում' 2 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում' 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում' 15 անձ, Սպիտակշեն համայնքում' 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում' 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում' 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում' 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում' 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Շոշ համայնքում՝ 1 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: