ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ռազմական հանցագործություն է որակում Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին գնդակահարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ այս դեպքով պատրաստվում է դիմել միջազգային կառույցներին:
«Ես զարհուրել եմ այդ տեսանյութը նայելով: Արդեն պատրաստել եմ բոլոր նյութերը: Եվրոպական բոլոր կառույցներ, մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԽԽՎ նախագահին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի, Եվրոպական խորհրդարանին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին այդ տեսանյութն իր կից գրությամբ ուղարկվելու է: Միջազգային հանրությունը, եթե չտեսնի, որ այս պատերազմն արդեն դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից և սա շատ ավելի լուրջ, գլոբալ պատերազմ է դառնալու, միջազգային հանրությունը, եթե շարունակի բավարարվել կոչերով ու չբռնի Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրիայից ու Լիբիայից բերված ահաբեկիչների ձեռքը, որոնք գործում են շատ ավելի դաժան մեթոդներով, քան «Իսլամական պետությունը», այս նույն ուղտը չոքելու է միջազգային հանրության դռանը»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ հայ ռազմագերիների գնդակահարությունը միանշանակ ռազմական հանցագործություն է մարդկության դեմ:
«Սա բոլոր միջազգային կոնվենցիաներով ռազմական հանցագործություն է մարդկության դեմ, այն կոնվենցիաներով, որը ստորագրել են նաև Ադրբեջանն ու Թուրքիան ու ամեն օր, իրենց ոտքի տակ գցած տրորում են: Նամակներն ուղարկելու եմ առավոտյան, որովհետև գնդակահարվում են մարդիկ, դրան պետք է տրվի հստակ գնահատական: Գնդակահարվում են մարդիկ' փաթաթված Հայաստանի Հանրապետության պետական դրոշով»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: