Այսօր ԵԽԽՎ–ի «Միգրացիայի, փախստականների և ներքին տեղահանվածների հարցերով հանձնաժողովի» փակ նիստի ժամանակ ևս մեկ անգամ անդրադարձա Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային և դրա արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Հստակ ընդգծեցի, որ ադրբեջանական կողմն ինքն է խոստովանում, որ սկսել է ագրեսիա Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան: Ալիևը ինքը օրեր առաջ խոստովանել է, որ թուրքական F16–երը Ադրբեջանում են, իսկ ահաբեկիչների առկայության մասին գրում է և՛ միջազգային մամուլը և՛ ՄԱԿ ԱԽ անդամ առնվազն երկու երկրներն են փաստել դրա մասին:
Ավելին, Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը Ադրբեջանը այդպես էլ չկարողացավ պահել Թուրքիայի ճնշման ներքո: Դրանով նաև ցույց տալով իր անհարգալից վերաբերմունքը սեփական դիակների հանդեպ:
Շեշտեցի, որ պատերազմը դաժան է, բայց անգամ պատերազմում կան օրենքներ: Օրինակ, եթե ադրբեջանցի գերևարված զինվորին Արցախում վիրահատում են, ապա հայ գերիներին դաժանաբար սպանում են: Սա է Ադրբեջանի իրական դեմքը:
Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, տեղացի և միջազգային լրագրողներին, հարվածում եկեղեցուն և վտանգ ստեղծում տարածաշրջանը դարձնել ահաբեկչական նոր կենտրոն:
Այն պարագայում, երբ Արցախի խաղաղ բնակչության մեծ մասը այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փախստական կամ ներքին տեղահանված է դառնում, տվյալ կոմիտեն շատ ասելիք ունի՝ Հարավային Կովկասում հումանիտար աղետը կանխելու առումով: