Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հուսով է, որ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ սկսված երկխոսությունը կշարունակվի:
Ելույթ ունենալով ապրիլի 4-ի մամուլի ասուլիսում' ՀՀԿ-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ մեկ հանդիպում արդեն կայացել է, նամակագրություն է եղել, Րաֆֆի Հովհաննիսյանն անսացել է կոչերին եւ դադարեցրել հացադուլը: «Հուսով եմ, որ խնդիրների քննարկման հաջորդ փուլը կշարունակվի, եւ ցանկանում եմ հուսալ, որ հանդիպում կկայանա», - նկատել է Հովհաննես Սահակյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հռետորաբանությանը' խորհրդարանականը նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նախկինում էլ առանձնացել է զգացմունքայնությամբ: Դա դրսեւորվել էր, երբ Հովհաննիսյանը վայր էր դրել պատգամավորի մանդատը' ի զարմանս սեփական դաշնակիցների, կարծում է Սահակյանը: «Սակայն ամեն դեպքում ճանապարհը պետք է խաղաղ լինի», - ընդգծել է իշխող կուսակցության ներկայացուցիչը, հավելելով, որ եթե քննարկումը տեղի ունենա, շատ հարցեր կարող են պատասխան ստանալ:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am