Պատերազմական այս ծանր օրերը եկան ցույց տալու մեր իրական հայրենասերներին՝ նրանց, որոնք պաշտպանեցին կամ դեռ շարունակում են պաշտպանել մեր հայրենիքն ու հողը՝ մի վայրկյան իսկ առավել չհամարելով իրենց կյանքը: Այդպիսին էր Գագիկ Պողոսյանը, ով նախքան պատերազմի սկսելը, ադրբեջանցի գեներալ-լեյտենանտ էր գերի վերցրել, ինչի համար էլ շքանշանի էր արժանացել: Գագիկ Պողոսյանի ընկերը՝ Ալեքսանդր Ասատրյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց, թե ինչպես պատահեց այդ չարաբաստիկ դեպքը.  «Գիշերը իրենց տեղակայման վայրը հարձակման է ենթարկվում ու առաջադրանք է լինում առաջ գնալ, թշնամու թիկունքն անցնել: Իրենք կամրջի տակ են պատսպարվել և ԱԹՍ-ն հարվածել է նրանց: Գագիկը պայթյունից վազել է ու այդ պահին բեկորից վիրավորում ստացել: Գագիկը շտապօգնության մեջ դեռ ողջ էր, սակայն Գորիսի բուժկենտրոնի ճանապարհին, ներքին արյունահոսություն է մոտը սկսվում ու ճանապարհին մահանում է»:
 
Գագիկ Պողոսյանի անասելի հայրենասիրությունից խոսում են բոլորը, դասընկերուհին՝ Մարի Պապյանը, հիշում է, թե որքան քաջ էր, պատասխանատու ու ուժեղ մարդ ամեն առումներով: Գագիկը շուրջ 8 տարի զինվորական գործի մեջ էր, հրամանատար էր. ««Ժամանակ առ ժամանակ խոսում էինք իր՝ Արցախում աշխատելու մասին, կռիվներից, մահից, ես շատ էի վախենում իր կյանքի համար, իսկ ինքը միշտ ասում էր, որ չի վախենում մահից, և իր աշխատանքը շատ էր սիրում, չնայած բոլոր դժվարություններին։ Շատ լավ տղա էր Գագիկը, այն տեսակներից էր, որ հիմա շատ քիչ կան։ Ինչ խնդիր ուզում էր լիներ, ինքը միշտ հասնում էր, բոլորին, անխտիր։ Բարի էր շատ, դիմացինին կաներ բարություն՝ առանց որևէ սպասելիքի: Շատ ուշադիր էր, հոգատար ու ամեն մեկին մի ձև էր սիրում։ Դասարանում 25-ից ավել էինք, բոլորին լավ էր վերաբերվում, բայց ում սիրում էր, մի ուրիշ ուշադրություն ու հոգատարություն էր ցուցաբերում»,- ընդգծեց Մարի Պապյանը։
 
Նա նաև խոսեց Գագիկի՝ դեպի ընտանիքը ունեցած յուրահատուկ սիրո մասին. «Շատ էր սիրում ծնողներին, հայրը իր պարծանքն էր։ Փոքր ժամանակ ասում էր՝ պապայիս պես եմ ուզում լինել ապագայում»,- նշեց Մարի Պապյանը՝ հավելելով, որ Գագիկը դեռևս ամուսնացած չէր, բայց ուներ սիրած աղջիկ, պատրաստվում էր ամուսնության առաջարկություն անել. «Եթե պատերազմը մի փոքր ուշ սկսվեր, հնարավոր է՝ իր կյանքը հիմա լրիվ ուրիշ ձև լիներ, չնայած մեկ է՝ նորից կգնար Արցախ, չէր թողնի մեր տղաներին մենակ։
Գագիկը հոյակապ մարդ էր ու այն ընկերներից, որ կյանքում մի անգամ ենք ունենում։
Շատ եմ սիրում ու կարոտում իրեն...» ,- նշեց Մարի Պապյանը:
 
Զվարթ Պետրոսյան