Այսօր՝ ապրիլի 4-ին, բարևարշավը հասավ Վանաձոր:

Րաֆֆի Հովհաննիսյանը, բարևելով հավաքվածներին, ասաց.

«Հինգ օր անց ունենալու ենք նոր Հայաստան, սա միտինգ չէ, ոչ էլ հանրահավաք: Ինձ ոչ մի նախագահություն պետք չէ, ոչ էլ Սերժ Սարգսյանն է ապրիլի 9-ից հետո լինելու նախագահ: Մեղավորը ես եմ, սուրբը դուք եղե՛ք, Սե՛րժ Սարգսյան, բայց եթե ձեր ձեռքը դրեցիք Սահմանադրության վրա ու երդվեցիք, ինձ հետ գնալու եք դժոխք:

Ապրիլի 9-12-ը եկե՛ք Ազատության հրապարակ, ազգային միասնություն ստեղծե՛ք, եկե՛ք միասին երդվենք արդար, ինքնիշխան, երջանիկ Հայաստանի համար: Գաղտնիք չկա, թաքուն որևէ բան չկա, ես միայնակ չեմ երդվելու, կա՛մ միասին ենք հաղթանակ տանելու, կա՛մ էլ ոչ մեկ:

Ասելիք ունեք, եկե՛ք այստեղ, ասելիք ունեք, այստեղ խփե՛ք (ձեռքով իր կուրծքն է ցույց տալիս) և ոչ թե Հրաչի վրա։ Ժամը 6-ին գնում ենք Հրաչի մոտ (այնուհետև մեկ րոպե լռությամբ հարգեց Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակը):

Ապրիլի 9-ին ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, անգամ նորմալ ՀՀԿ-ականները՝ թաքուն, շարքային քաղաքացիները պետք է լինեն Ազատության հրապարակում: Ես հիմա չեմ զարգացնելու այդ կուսակցակռիվները, ձեր անունը Սերժ է, թե՝ Գագիկ, թե՝ Լևոն, թե՝ Վահե, չեմ պատասխանելու, մի բան կարող եմ ասել՝ մեր ճանապարհը բաց է բոլորի համար անխտիր, ես կդիմեմ ցանկացած հայ մարդու, կզանգահարեմ ցանկացած մեկին, միայն թե ժողովուրդը միասին լինի: Ով անկեղծ է՝ Հովհաննիսյան Վահե, Ծառուկյան, Հրանտ, Լևոն, թող գա հրապարակ, կուսակցակռիվը թող մնա անցյալում...

Եթե իմ բնակավայրում ԲՀԿ-ն Մանուկյան գերդաստանի միջոցով շատ կեղտոտ, երկերեսանի պայքար է տարել, եթե ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ամեն մեկը իր գործի մեջ է եղել, Վանաձորը միասնական ուժ է եղել, որովհետև «Ժառանգության» կողքին եղել են նորմալ վանաձորցիներ, իրենց երկիրը սիրող մարդիկ ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, ՀՅԴ-ից, և այդ հաղթանակը, որ բերել է միասնական ազգը Վանաձորում, մենք բերելու ենք ողջ Հայաստանում:

Դուք արդեն հասկացաք, որ ես երբեք ձեզ չեմ լքելու, դուք էլ ինձ չեք լքելու մինչև հաղթանակ: Այդ հաղթանակը ոչ թե այդ մարդու դեմ է, ոչ թե վեհափառի դեմ է, այլ հայ մարդը ասում է՝ սա իմ հայրենիքն է, Րաֆֆուց որևէ բան չսպասեք, ապրիլի 9-ին ամեն ինչ մեր ձեռքում է, որովհետև դուք հավատացիք:

Մինչև հաղթանակ ոչ մի կենաց, ոչ մի սեղան, ոչ մի գառ ու մատաղ, ոչ մի տարակույս խոսակցություն, հինգ օր է մնացել, մեր ազգի, մեր պետության համար, մեր երեխաների հիմնահարցի պատասխանը իմ խոսքում չի, ձեր ձեռքում է:

Ապրիլի 9-ին՝ ժամը 11-ից զարթնե՛ք, հայելու մեջ նայե՛ք, աղոթք ասե՛ք և Երևան եկե՛ք, պատասխանը մեր ձեռքում է, պատասխանը մեր միասնության մեջ է, պատասխանը դուք գտաք: