19-ամյա ապագա բժիշկ Արզուման Թորոսյանը իր ուժերով ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան, որից հետո զորակոչվել բանակ։ Արզումանը, ինչպես բազմաթիվ հայորդիներ, թշնամիների դեմ թեժ մարտերում կռվեց մինչև վերջին շունչը, և շատերի կողքին ինքն էլ հավերժացավ հանուն հայրենիքի պաշտպանության:
Արզումանը նման չէր որևէ մեկին, շատ էր տարբերվում բոլորից. «Արզումանը չափից դուրս անկեղծ էր, ինչը, մեր օրերում, հազվադեպ է պատահում: Նա չափազանց ընկերասեր էր: Տանել չէր կարողանում, երբ թույլին նեղացնում էին, միշտ պաշտպանում էր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին պատմեց Արզուման Թորոսյանի մորաքույրը՝ Հերմինե Մովսիսյանը:
Նա ազատ ժամանակ շատ էր սիրում ստեղծագործել, գեղեցիկ բանաստեղծություններ էր գրում: Յուրահատուկ էր Արզումանի սերը դեպի մայրը. «Անսահման էր սիրում իր մայրիկին, մայրը իր համար թագուհի էր»,- նշեց Հերմինե Մովսիսյանը՝ հավելելով. «Վերջին անգամ մայրիկի հետ է խոսել, ասել է՝ լավ եմ, բայց անդադար աղոթեք ինձ համար: Անդադար աղոթեցինք Արզումանիս համար, բայց, ցավոք, կորցրեցինք նրան...»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Արզումանը սկզբում ծառայությունը անցկացնում է Մեղրիում, սակայն, ռազմական դրությամբ պայմանավորված՝ զինվորին հոկտեմբերի 1-ին տեղափոխում են Ջաբրայիլ. «Անկեղծ՝ շատ էինք ուրախացել, որ ծառայում էր ՀՀ-ում և ոչ թե Ղարաբաղում։ Նույնիսկ, երբ սկսվեց պատերազմը, վստահ էինք, որ դժվար նրանց տանեն առաջին գիծ, այնինչ՝ տարան: Արզումանս 10 օր կռիվ տվեց թշնամու դեմ ու հաղթեց»,- ասաց մորաքույրը:
Արզումանին սիրողները վստահ էին, որ թշնամին չի կարող որևէ վնաս հասցնել նրան. «Կարծում էինք, որ Արզումանիս հնարավոր չէր վնասել, թշնամուն այդքան հեշտ չէր լինի մեր տղային կյանքից զրկելը, ավաղ, սխալվում էինք: Ամեն օր արթնանում ենք այն հույսով ,որ երազ է սա՝ շուտով Արզումանս կգա»,- նշում է Հերմինե Մովսիսյանը:
Նշենք, որ Արզուման Թորոսյանը զոհվել է թշնամու արձակած ԱԹՍ-ի մահացու հարվածից։