Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Երևան քաղաքի Արամի փողոցի 72-80 հասցեներում ձախողված կառուցապատման ծրագրից տուժած անձանց գույքային կորուստների վերականգնման միջոցառումների և ծրագրի մասին օրենքի նախագիծը։
Նախագծի համաձայն՝ նախատեսվում է առաջարկել Երևանի քաղաքապետին՝ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Արամի փողոց NN 72, 74 և 76 հասցեներում գտնվող բազմաֆունկցիոնալ ավարտված շենքը ներդնել ք. Երևան, Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում գտնվող բազմաֆունկցիոնալ անավարտ շենքի սեփականատեր «Դի Ընդ Էյջ գրուպ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալում:
Ըստ այդմ, նշված հասցեի շենքերում բնակարանների բազմակի վաճառքի դեպքերից տուժած քաղաքացիները բնակարաններ կստանան Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի շենքում:
«Մենք որոշակի փոխհատուցում տալիս ենք, բայց ոչ այն տարածքներում, որտեղ ակնկալում են քաղաքացիները: Ի՞նչ է տեղի ունենում, եթե քաղաքացին չի համաձայնվում սրան»,-հարցրեց Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այդ պարագայում քաղաքացին կարող է դատական գործընթաց սկսել և պահանջել ֆինանսական փոխհատուցում։ Նրա խոսքերով՝ պատասխանատուն ոչ թե պետությունն է, այլ «Գապբնակշին» ընկերությունը, իսկ ընկերության ղեկավարները կալանավորված են. այս դեպքում փոխհատուցումը կարող է լինել գումարի մեկ երրորդի չափով:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի խոսքերով՝ բնակիչների մեծ մասը համաձայն է բնակարան ստանալ այս պայմաններով:
Վարչապետի հաջորդ, բայց արդեն իսկ զայրացած հարցը եղավ հետևյալը. «Ապագայում մեզ նման ռիսկեր սպասվո՞ւմ են, որ անբարեխիղճ կառուցապատողներ կլինեն»:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, արագ պատասխանելով հարցին, նշեց, որ նման ռիսկեր չկան։
Հարցի բուռն քննարկմանն արձագանքեց ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով փոխքաղաքապետի պատասխանին բոլորովին այլ՝ հակասող պատասխան տվեց, ասելով, որ նման ռիսկեր այժմ էլ առկա են գլխավոր պողոտայում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հանդես եկավ կոչով. «Մենք այս պահին մեր քաղաքացիներին պետք է կոչ անենք, որ նման գործարքներից խուսափեն. եթե չկա նոտարական վավերացում, գումար չվճարեն»։