Լեռնային Ղարաբաղում պատերազմը, Ղրղզստանում և Բելառուսում ստեղծված իրավիճակն ազդել են ԱՊՀ տարածքում տնտեսական ակտիվության վրա։ Ընդ որում, մի շարք համաշխարհային խաղացողներ անկայունությունն օգտագործում են սեփական կանոնները պարտադրելու համար, այդ թվում՝ անբարեխիղճ մրցակցության տեսքով, այսօր ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է eadaily.com-ը։
Միշուստինը նշել է, որ ստեղծված պայմաններում ԱՊՀ երկրները պետք է մնան ամենամտերիմ տնտեսական գործընկերները։
«ԱՊՀ երկրներում, ինչպես և ամբողջ աշխարհում, տնտեսական ակտիվությունն զգալիորեն նվազել է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեզ մոտ ապրանքաշրջանառությունը նվազել է ինչպես փոխադարձ առևտրում, այնպես էլ երրորդ երկրների հետ։ Իրավիճակը բարդանում է նաև այլ գործոններով՝ Բելառուսում, Ղրղզստանում ստեղծված բարդ իրավիճակով և Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմամբ»,-ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ միջազգային հանրության որոշ անդամներ կորոնավիրուսի համավարակը և աշխարհում ընդհանուր անկայունությունը փորձում են օգտագործել «տնտեսական, հաճախ նաև քաղաքական առավելություններ ձեռք բերելու և տնտեսական գործընթացների իրենց տեսլականը պարտադրելու համար»։