«Զոհված զինծառայողների երեխաների բուհական ուսման վարձավճարները փոխհատուցելու ուղղությամբ մենք քայլեր անում ենք, բուհերի հետ խորհրդակցություններ ենք անցկացնում։ Հիմա փորձում ենք ուրվագծել օգնության չափը, ծավալն ու ձևերը»,- խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը՝ պատասխանելով ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի հարցին։
Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ԿԳՄՍ-ն ի՞նչ ծրագրեր ունի զոհված զինծառայողների երեխաների բուհական կրթությունը անվճար դարձնելու, կամ վարձավճարները զեղչելու մասով։
Ըստ փոխնախարարի, ցավոք, բայց աճելու է սոցիալական աջակցության կարիք ունեցող ուսանողների թիվը, և նախարարությունն աշխատում է այդ ուղղությամբ։
Սրբուհի Գրիգորյանը նկատեց նաև, որ զոհված զինծառայողների երեխաների դպրոցական դասագրքերի վճարի հետ կապված խնդիր ևս կա. «Օրերս զոհված ազատամարտիկներից մեկի կինն ինձ դիմեց, ամուսնու դին էլ դեռ չեն գտել, բայց դպրոցը շարունակում է նրա երեխայից ուզել դպրոցական դասագրքերի գումարը։ Ես կապվեցի մի քանի դպրոցների հետ, պարզվում է, որ հնարավոր է գրքերն անվճար տա, քանի որ դպրոցական դասագրքերը երեք տարվա ընթացքում չեն մաշվում։ Կարելի է այդ երեխաներին անվճար տրամադրել գրքերը»։
Պատասխանելով հարցին՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դասագրքերի մասով կան տարբեր ծրագրեր, և մարդիկ, որոնք ունեն աջակցության կարիք, կարող են անվճար ստանալ դրանք։
«Հստակ ամրագրված է, որ դասագրքերը դպրոցներում կարող են առանց փոխհատուցման տրվել այն շահառուներին, որոնք ունեն դրա կարիքը։ Դպրոցներն ունեն իրավասություն մանկավարժական խորուրդներով կայացնելու որոշում, և այդ ցուցակները ներկայացնելու համապատասխան կառույցներին։ Բացի այդ, մենք աջակցության ծրագիր ունենք, ըստ որի՝ սահմանամերձ համայնքների դպրոցների աշակերտների 5-12-րդ դասարանների դասագրքերն անվճար են տրվում, իսկ տարրական դասարանների դասագրքերը բոլորին են անվճար տրվում»,- նկատեց Ժաննա Անդրեասյանը։