ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, թե ինչու հանրությանը շուտ չհայտնեց Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակի մասին:
«Պետք է դիտարկենք երկու հանգամանք․ առաջինը՝ կա՞ արդյոք որեւէ հեռանկար՝ իրավիճակը փոխելու, երկրորդը՝ ո՞րն է գինը՝ կանգնեցնելու պատերազմը։
Հիմա ինչքան ցավոտ ենք բոլորս ընդունում, որ երեք տարածք պետք է վերադարձվի։ Իսկ ինչքան ցավոտ կլիներ այն իրավիճակում, երբ թե՛ ԳՇ-ի, թե՛ Արցախի քաղաքական ղեկավարության գնահատականի համաձայն՝ այդ տարածքները պահելն այլեւս հնարավոր չէ, բայց Արցախի ամբողջ տարածքը միանշանակ կորսվելու է։ Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլեւս իմաստ չունի։ Դրանից առաջ չի եղել էդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի։ Եւ մեր բանակը, մեր ԶՈՒ-երը, ԳՇ-ն, ՊԲ-ն, կռվել են մինչեւ վերջին վայրկյանը:
Այդ օրերին ինձ ասել են, որ պետք է հրատապ կանգնեցնել։ Դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց մենք փորձել ենք մատակարարումների, ՀՕՊ-ի, եւ այլնի խնդիրը ինչ-որ ձեւով լուծել։ Դուք պիտի ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը․ երբ ռազմաճակատում սկսել են անհաջողությունները, քաղաքական խնդիրը, որ ձեւակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ։ Եւ սրա համար արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Էս որոշումը կայացվել է էն ժամանակ, երբ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել, մենք դա արձանագրել ենք Շուշիի անկումով»,- ասաց նա: