«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանրահավաքին իր ելույթըսկսեց այն մասով, որ այսօր ինքը քաղաքական ելույթ չի ունենալու, այլ հանգիստ խոսելու է՝ տալով մի քանի հարցերի պատասխաններ․ «Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի օրերին օրակարգ է բերում կեղծ պնդումներ, որով փորձում է հերթական անգամ պահել իր իշխանությունը։ Նա ասում է, որ հրապարակում հավաքված մարդիկ պայքարում են բացառապես իշխանության համար, նման բան չկա, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ մենք պայքարում ենք հանուն հայրենիքի փրկության։ Սա զուտ քաղաքական պայքար չէ, սա պայքար է մեր ապագայի համար»,- նշեց Վանցյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահը իր ելույթում անդրադարձավ նաև հասարակությանը սպսավող լուրջ հումանիտար, սոցիալական, տնտեսական խնդիրներին, և այն համոզմունքը հայտնեց, որ վարչապետը չի կարող լուծել այդ խնդիրները․ «Հիշեցնում եմ՝ հոկտեմբերի 8-ին մենք հրավիրել էինք հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, ինչո՞ւ եք այդ մասին մոռանում։ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող արտաքին և ներքին քաղաքականությունը մեզ համար բերելու է շատ վատ հետևանքների, և այսօր մենք արդեն ունենք այդ հետևանքները»,- ասաց նա։
Ըստ վերջինիս՝ Փաշինյանի հեռանալու հարցը, անգամ, քննարկման ենթակա չէ։ Նա նշեց, որ վարչապետը արտաքին լսարանի համար առանձնացրել է 2 սուտ․ «Սուտ համար առաջին՝ ասում է, եթե հանկարծ հայ ժողովուրդը և քաղաքական ուժերը հասնեն իր հրաժարականին, ապա այն թուղթը, որը ստորագրվել է չեղարկվելու է, և պատերազմը վերսկսելու է։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատերազմ վերսկսելու նպատակ չունենք, մենք ասում ենք, որ պարտված առաջնորդը չի կարող ներկայացնել մեր շահերը»,- պարզաբանեց Վանեցյանը։
Իսկ վարչապետի երկրորդ սուտը, ինչպես նշեց Վանեցյանը այն է, որ նա հանրությանը վստահեցնում է, որ եթե ինքը գնա, գալու են նախկինները․ «Ժողովո՛ւրդ, դա կեղծ օրակարգ է, նախկինին վերադարձ չի լինելու, ներկան մերժված է և մերժվելու է, մենք գալիս ենք, մենք ապագան ենք՝ նոր դեմքերով, նոր մտքերով և նոր տեսլականով»,- ասաց նա։
ԱԱԾ նախկին տնօրենը նաև սենսացիոն բացահայտում արեց Իջևանում փայտահատների ակցիայի ժամանակ իր Իջևան մեկնելու պատճառների մասին՝ նշելով, որ եղել է այնտեղ արնահեղությունը կանխելու համար։ «Նիկոլ Փաշինյանը հերթական հիստերիկ նոպայի մեջ զանգեց ինձ և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով ջարդել ցուցարարներին, Փաշինյանն ասաց. «ես ուզում եմ տեսնել արյան գետեր»»,- ասաց Վանեցյանը։
Մանրամասները՝ տեսանյութում