Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատ առիթներով եմ ասել, որ անցնող տասնամյակներում մեր պետականության թույլ տված գլխավոր սխալներից մեկն այն է, որ մենք մեզ չենք դիտարկել Մերձավոր Արևելքի մի մաս, իսկ այնտեղ տեղի ունեցողին մոտեցել ենք մեծամիտ անտարբերությամբ՝ կարծես մենք այդ ամենի հետ ոչ մի կապ չունենք (տե՛ս այդ մասին հոդվածներից մեկը)։
Պարտված պատերազմում, որը նաև այս իրողությունը հետևողականորեն թերագնահատելու արդյունք էր, մենք բոլորս համոզվեցինք, թե որքան մոտ է Մերձավոր Արևելքը։ Կարծում եմ, արդեն ինքներդ համոզվել եք, որ մենք այս տարածաշրջանի մի մասն ենք՝ սիրիացի վարձկաններից մինչև պրոքսի պատերազմի թատերաբեմ։
Ինչո՞ւ եմ գրում սրա մասին այսօր։
Պատճառը պարզ է. եթե մենք ցանկանում ենք ոչ միայն պահել Հայաստանը որպես պետություն, այլև նոր որակ հաղորդել դրան, ապա Մերձավոր Արևելքը պիտի դառնա մեր գործունեության գլխավոր տարածքը։ Իմ համոզմամբ՝ այստեղ են գտնվում այն գլխավոր փոքրիկ հնարավորությունները, որոնք այսօր դեռ պահպանվում են Հայաստանի համար և որոնք ամեն անցնող օրվա հետ, ցավոք, սպառվում են, քանի որ չկա անհրաժեշտ գիտակցումն ու կարող ուժը։
Այսօր ասածիս մեջ հերթական անգամ համոզվեցի, երբ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում տեսա, թե Հայաստանի հանդեպ ինչ անկեղծ հարգանք ու օգնելու պատրաստակամություն կա Հորդանանում։ Որպես արևելագետ կարող եմ ասել. Մերձավոր Արևելքի ամենայուրահատուկ պետություններից մեկը հանդիսացող Հորդանանը միակը չէ, որը մեզ ստեղծված խայտառակ իրավիճակից դուրս գալու հարցում կարող է օգնել։
Մեր նոր ու իրական խաղադաշտը Մերձավոր Արևելքում է։
հ.գ. Այսօր Հորդանանի մայրաքաղաք Ամմանի կենտրոնական փողոցները զարդարում էին Հայաստանի դրոշները։ Եթե ունենանք բավական կամք ու գիտակցություն, դրանք կարող են ավելի հաճախ ծածանվել այս տարածքում»։