Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակել էր Արցախի այն 121 բնակավայրերի անունները, որոնք անցել են կամ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված հայտարարության:
Այդ 121 բնակավայրերի մեջ էր գտնվում նաև Չարեքտար գյուղը, որը մինչև այսօր վիճելի է՝ հանձնվել է Ադրբեջանին, թե՞ ոչ: Երեկվանից համացանցում բուռն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Չարեքտարի բնակիչները այրել են իրենց տները, պատրաստվել են տեղահանման, սակայն հետո պարզվել է, որ այդ գյուղը չի հանձնվելու Ադրբեջանին:
Այս տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Չարեքտար գյուղի բնակիչ Ռուզաննա Ազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը երեկվանից արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Երեկ արդեն ճանապարհները փակվեցին, ու ամուսինս մնաց այդ գյուղում, ինքը չկարողացավ դուրս գալ գյուղից: Անգամ անձնագիրը իր մոտ չի, որ գոնե կարողանա Լաչինի միջանցքով գալ: Քիչ առաջ էլ խոսեցի նրա հետ, խնդրեց, որ գումար ուղարկեմ՝ կարողանա մեքենա գտնել գալու համար»,- ասաց Ռուզաննան:
Նա նաև նշեց, որ ամբողջ գյուղը դատարկված է, այնտեղ բացի իր ամուսնուց, մնացել է նաև սկեսրայրը. «Մինչև վերջին պահն էլ այնտեղ եղել են բնակիչներ, մեր տներում մեր զինվորներին ենք ընդունել, իրենք են եկել մեր գյուղը հսկել: Բնակիչները, սակայն, գյուղը լքել են վերջին 2 օրերին»,- ասաց Չարեքտարի բնակիչը:
Վերջինիս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները այրել են ոչ միայն իրենց տները, այլև դպրոցները. «Կան տներ, որ չեն այրել, գրանատ են գցել ու պայթեցրել տունը: Հին դպրոցն են այրել, նոր դպրոցի տանիքն են հանել: Գյուղում 55 ընտանիք է եղել, և ընդամենը 5 տուն է մնացել, որ չի պայթեցվել կամ այրվել»,- ընդգծեց Ռուզաննան:
Որքան էլ, Չարեքտարի բնակրը պնդեց, որ գյուղը անցել է Ադրբեջանին, մեզ հետ զրույցում այլ էր Չարեքտարի գյուղապետ Կամո Ցականյանի կարծիքը. «Սկզբում, երբ իմացանք, որ Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին, համոզված էինք, որ Չարեքտարը ևս հանձնվելու է, ո՞վ կիմանար, որ այսպես կլինի: Չարեքտարը Ադրբեջանին չի հանձնվել, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախկինում այն եղել է Մարտակերտի շրջանում»,- պարզաբանեց գյուղապետը:
Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր երեկվանից գյուղ տանող ճանապարհը փակվել, պատասխանեց, որ պատճառը չգիտի, բայց հիմա այն բաց է, և ինքը գնում է Չարեքտար. «Որքան էլ, որ ցանկանում եմ՝ այն վերաբնակեցվի, միևնույն է այն կարծիքին եմ, որ Չարեքտարը այսուհետ կսկսի ծառայել որպես ՀՀ զինված ուժերի տեղակայման վայր»,- եզրափակեց Կամո Ցականյանը:
Ի՞նչ է ստացվում, որ պաշտոնական հայտարարության մեջ Չարեքտարը ներառված է այն գյուղերի շարքում , որոնք հանձնվելու են Ադրբեջանին, գյուղապետը նշում է, որ գյուղը մնալու է մեր կազմում, իսկ դրան զուգահեռ գյուղացիները շարունակում են այրել իրենց տները՝ ադրբեջանցիներին չթողնելու նպատակով: Հասկանալու համար՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին, ժամեր շարունակ փորձեցինք կապ հաստատել Մանե Գևորգյանի և Վահրամ Պողոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Մնում է հասկանալ՝ ով պետք է ի պաշտոնե իրազեկեր գյուղացիներին և ուղղորդեր իրենց գործողություններում:
Զվարթ Պետրոսյան