Արցախյան պատերազմի օրերին ռազմաճակատ գնալու պայմանով որոշ կալանավորների խափանման միջոցը փոխվել էր, որոշ դատապարտյալներ էլ վաղաժամկետ պայմանական էին ազատվել: Մեզ հետ զրույցում, դեռևս պատերազմի օրերին, Գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ չափազանց զգույշ և անհատական մոտեցում է ցուցաբերվում դիմումների ընթացքը որոշելիս, քանի որ կան դեպքեր, երբ նշված նպատակով մարդկանց հնարավորություն է տրվել հայտնվելու ազատության մեջ, բայց նրանք չեն ներկայացել իրավասու մարմնին՝ առաջնագիծ գնալու համար։ 

Պարզելու համար, թե ի՞նչ է սպասվում վերոնշյալ կալանավորներին ու դատապարտյալներին և ռազմաճակատ մեկնած քանի՞ անձի գտնվելու վայրն է անհայտ, ԼՈՒՐԵՐ․com-ը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն։

Ի պատասխան մեր հարցման, դատախազությունից հայտնում են, որ պայմանները խախտած անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու միջոցներ կձեռնարկվեն, իսկ ռազմական գործողություններին մասնակցելու ցանկության դիմում ներկայացրած, բայց ռազմական գործողություններին մասնակցությունից խուսափած անձանց վարքագիծը հաշվի կառնվի նրանց խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկումների ժամանակ․ «Անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառմամբ ազատ արձակված մեղադրյալների կողմից ազատության մեջ մնալու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։ Այդ պայմանների խախտման վերաբերյալ փաստական տվյալների ձեռքբերման դեպքում կկիրառվեն դրանից բխող համապատասխան միջոցներ՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կրկին կիրառելու համար։ Թեև ՀՀ իրավասու մարմինների կողմից զորակոչվելուց հետո այդ անձինք գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ զինված ուժերի տրամադրության և իրավասությունների ներքո, այդուհանդերձ, ռազմական գործողություններին  մասնակցության ցանկության մասին դիմումի առկայության պայմաններում ռազմական գործողություններին մասնակցությունից հրաժարվող անձանց պարագայում նման վարքագիծը հաշվի կառնվի նրանց նկատմամբ խափանման միջոցների փոփոխման միջնորդությունների ներկայացման և քննարկման շրջանակներում»,- ասում են դատախազությունից։ 

Ինչ վերաբերում է հարցին, թե մարտական գործողություններին մասնակցելու համար ռազմաճակատ մեկնած քանի՞ անձի գտնվելու վայրն է անհայտ, ապա դատախազությունից փոխանցում են, որ նոյեմբերի 24-ի դրությամբ դատախազությունը չի տիրապետում այդպիսի տվյալների․ «ՀՀ դատախազությունը չի տիրապետում խափանման միջոցի փոփոխության արդյունքում ազատություն ստացած, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատ արձակված անձանց գտնվելու վայրն անհայտ լինելու վերաբերյալ տվյալների»։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին պատերազմի սկսելուն պես քերակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք ցանկություն էին հայտնել մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու։ Հոկտեմբերի 28-ի դրությամբ 12 կալանավորի խափանման միջոց էր փոխվել, 4 դատապարտյալ էլ վաղաժամկետ պայմանականով էր ազատվել: