Նոյեմբերի 27-ին Երևան ժամանեց Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հումանիտար չվերթն ուղեկցում էր Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։ Չվերթով Հայաստան է տեղափոխվել նաև Ազնավուր հիմնադրամի, Electriciens sans frontières ՀԿ-ի, UNICEF-ի և ԿԽՄԿ-ի մարդասիրական օգնությունը։
Նոյեմբերի 21-ին նախագահ Էմանուել Մակրոնն այցելել էր «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որտեղ հայտարարել էր Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար նախատեսված երկու չվերթների մասին։ Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված օգնության առաջին ինքնաթիռը Հայաստան էր ժամանել նոյեմբերի 22-ին։