Վազգեն Մանուկյանի՝ վարչապետի հավանական թեկնածու լինելը առաջացրել է շատերի վրդովմունքը: Հատկապես դժգոհ է համասեռամոլների համայնքը: Վազգեն Մանուկյանն ունի պահպանողական հայացքներ, ուստի համայնքը վստահ է, որ նրա՝ վարչապետ դառնալուց հետո իրենք լուրջ խնդիրներ կունենան: Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նրանք դիմել են անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը չի անտեսում վերջիններիս շահերը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արման Բաբաջանյանը տարածված լուրը հիմարություն որակեց. «Անհեթեթ բաներ են, խնդրում եմ՝ ինձ այդպիսի հարցերով մի՛ անհանգստացրեք»:
Երեկ երեկոյան պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ Վազգեն Մանուկյանը անմիջական կապ ունի «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության հետ. «Վազգեն Մանուկյանը ահաբեկիչների այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչև ոճրագործության իրականացումը...»,- գրել է պատգամավորը:
Սրա վերաբերյալ Բաբաջանյանն ասաց, որ վաղուց է այդ տեղեկությունը հայտնել ԱԱԾ-ին. «Ոճրագործի հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ մեկուսարանի պետը ներկա է եղել, այնպես որ ես կարծում եմ՝ արձանագրված և ձեռք բերված նյութերը կցվել են այդ հարցով հարուցված քրեական գործին և առաջին անգամը չէ, որ խոսում եմ այդ մասին»:
Նորից անդրադառնալով համասեռամոլների՝ իրեն դիմելու հարցին, պատգամավորը հերքեց դրա իսկությունը. «Դե լավ, այդ հիմարություններն ինչի՞ եք շարունակում, ասում եմ՝ չկա նման բան, դուք ստեղծում եք այդ լուրերը, հետո ինձ հարցեր եք տալի՞ս»: