Իշխանությունները ստում են՝ ասելով, թե իրենց վատ ժառանգտություն են թողել նախորդ իշխանությունները բանակցությունների մասով։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դուք այս 2,5 տարվա ընթացքում մի ճշմարիտ խոսք լսած կա՞ք այս իշխանությունից, ես չեմ լսել: Վերջում ոնց որ ասաց, որ ինքն է մեղավոր, ու սա ադալժենիայով՝ կոպիտ ասած, թե ոնց որ հա էլի, որ տենց եք ասում՝ հա: Ո՞վ է մեղավոր. չեմ էլ ուզում այդ հարցին... բացարձակապես սուտ են ասում։ Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում, ու պետք էր ոչ թե զրոյական կետից սկսել, այլ Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանագիրն ամրացնել, որը հենց պատերազմի վերսկսման կանխարգելիչ միջոցառումներ էին ենթադրում, ոչ թե գնար ինչ-որ լիֆտերում կասկածելի ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերեր: Այդ տեսանկյունից շատ լավ ժառանգություն է ստացել՝ և՛ բանակցային գործընթացում, և՛ բանակում, ուղղակի պետք էր ոչ թե փոխել այն պայմանագրերը, որոնք նախատեսված էին, օրինակ՝ հակաօդային համակարգերի մասին, այլ եղած պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչեր և ավելի խորացներ, մի բան էլ ավելացներ»,– ասաց նա:
Անդրադառնալով Շուշիի ընկնելու առեղծվածին՝ երկրորդ նախագահն ասաց, որ իր համար ոչ միայն հասկանալի չէ, թե ոնց Շուշին հանձնվեց, այլև այն, թե ինչպես հակառակորդը հայտնվեց Շուշիի մոտակայքում:
«Ջաբրայիլից պիկապներով, ոտքով մտել են, Հադրութն են գրավել, այնտեղից մտել են Ֆիզուլի, Ֆիզուլիից գրավել են Տող գյուղը, Մեծ Թաղլարը, անցել են Մարտունու շրջանի Շեխեր գյուղ, ամբողջ Ասկերանի ենթաշրջանը, Ավետարանոց ու շրջակա գյուղերով և հասել են Քարին Տակ են հայտնվել: Եվ ոչ մի տեղ այդ ամբողջ ընթացքում, դա տևեց մոտավորապես մի երկու շաբաթից ավելի, որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել, չեն կանգնեցրել, ինչ-որ փոքր ուժերով փորձում էինք ինչ-որ բան անել այնտեղ: Այդ ընթացքում Վիտալի Բալասանյանն առաջարկեց այդ ամբողջ ֆրոնտի պատասխանատվությունն իր վրա դնել, չդրին: Ես այդ հարցերի պատասխանները չունեմ, թե ինչու այդպես եղավ:
Մեկ շաբաթ Ղարաբաղում բոլորը խոսում էին ինչ-որ մի օպերացիայի մասին, որով պետք է… դուք պատկարացրեք քարտեզի վրա Հադրութ, էդիլու. օձի պես շատ երկար այնպիսի մի վիճակ էր, որ նույնիսկ զարմանում էիր, թե իրենք ոնց են իրենց թիկունքն ապահովում, ոնց են վիրավորներին հանում, և մենք չկարողացանք որևէ տեղ դեմն առնել: Խոսում էր ինչ որ օպերացիայի մասին, նույնիսկ Արայիկ Հարությունյանը պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ մեկ օպերացիա ենք պատրաստում, որով թշնամին կջախջախվի հենց այդ տարածքներում, ուժեր են կուտակել, հավաքներ, խորհրդակցություններ են արել։ Այդպես էլ որևէ օպերացիա տեղի չունեցավ և հայտնի չէ, թե ինչու․ մենք սրա պատասխանը ևս պետք է ունենանք: Ինչո՞ւ չեղավ՝ ես չգիտեմ:
Շուշիի հետ կապված ես ունեմ բազմաթիվ հարցեր ու ոչ մի պատասխան, որևէ ռազմական փորձագետ ևս չի կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց այնտեղ և չեմ կարծում, որ հիմա մենք ի վիճակի ենք դա պարզել այնքան ժամանակ, ինչքան այս իշխանությունը մնա իշխանության: Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը, ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա և միայն այդ պարագայում հենց իրենք զինվորականները պետք է ճշմարտությունն ասեն»,– ասաց Քոչարյանը։