Հայաստանյան հասարակության ներսում ձևավորվել է հստակ կոնսենսուս, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի խայտառակ ակտը ստորագրած և Արցախը հանձնած իշխանությունները և անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան: Այդ մասին են խոսում նաև վերջին ամսվա ընթացքում պարբերաբար անցկացվող սոցհարցումները, բողոքի հանրային ակցիաները: Ընդհանրապես հասարակության քաղաքական նախապատվությունները և ակնկալիքները կարելի է դասավորել տոկոսային պրիզմայի մեջ և ըստ այդմ հասկանալ՝ իսկ ինչպիսի ապագա է Փաշինյանից հետո ցանկանում ՀՀ քաղաքացին:

Ակնհայտ է, որ չնայած 2.5 տարվա բացահայտ ձախողմանը, չնայած պատրազմում իշխանությունների սխալների հետևանքով արձանագրած պարտությանը հասարակության առնվազն 20 տոկոսը կողմ է Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալուն: Սա թերևս այն սեգմենտն է, որը ամեն գնով փորձում է կանխել այսպես կոչված նախկինների իշխանության գալը, նրանց վերադարձը քաղաքական թատերաբեմ: Այդ 20 տոկոսի մեջ մտնում են նաև այն քաղաքացիները ովքեր 2018-ից ի վեր շարունակում են հավատալ Փաշինյանի խոստումներին, հեղափոխության իդեալներին և վստահում են Փաշինյանին և իր թիմին: Այդպիսիք քիչ են, սակայն՝ կան: Միևնույն ժամանակ նշենք, որ հանրային այս սեգմենտը 2018-ի հեղափոխությունից հետո ամենա մեծն էր Հայաստանում:

Ակնհայտ է նաև, որ հասարակության առնվազն 30 տոկոսը այս պահին աջակցում է ընդդիմադիր ուժերին, որոնք էլ ձևավորել են և օրակարգ են բերել Փաշինյանի անհապաղ հրաժարականի պահանջը: Թե ինչու է այս սեգմենտը աջակցում ընդդիմությանը հասկանալի է, այս պահին ձևավորված միակ այլընտրանքը Փաշինյանին դա այսպես կոչված 17 կուսակցությունների կողմից ստեղծված Հայրենիքի փրկության շարժումն է: Այս 30 տոկոսի մեջ մտնող քաղաքացիները մի մասը ունի ընդգծված վերապահումներ՝ կապված 17 քաղաքական ուժերի, նրանց անցյալի հետ, սակայն գլխավոր խնդիր այս պահին համարում են Նիկոլ Փաշինյանից ազատվելը և այդ իսկ պատճառով սատարում են ընդդիմությանը որը և առաջ է քաշում այդ օրակարգը:

Իսկ ահա քաղաքացիների 50 տոկոսը, կարող ենք ասել նաև՝ 50+1 տոկոսը այս պահին քաղաքական դաշտում ցանկանում է տեսնել նոր ուժ և նոր քաղաքական դեմքեր: Այս սեգմենտը նույնպես վստահ է, որ Փաշինյանն ու իր թիմը պետք է անհապաղ հեռանան, որ Հայաստանին պետք է նոր քաղաքական օրակարգ , բայց այդ նոր քադաքական օրակարգը պետք է ձևավորեն նոր քաղաքական ուժերը՝ նոր դեմքերով: Հայաստանի քաղաքացիների մեծ մասը ցանկանում է հարթակում տեսնել նոր, կոռուպցիոն գործարքներում և սկանդալում չթաթախված, հետագիծ և մասնագիտական որակներ ունեցող անձերից ձևավորված նոր քաղաքական ուժ: Եվ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ թերևս առաջին անգամ է երբ հասարակության մեծ մասը ընտրություն է կատարում ոչ թե ներկայի ու նախկինի միջև, այլ ներկայի և ապագայի՝ միանշանակ ընտրելով ապագան և իր հույսը կապում է թատերաբեմում հայտնվելիք որակապես նոր, առողջ քաղաքական ուժերի հետ, որոնք որոնք բացարձակ փոխկապակցված չեն ոչ նախկին, ոչ էլ ներկա ուժերի հետ։ Խոսքը քաղաքական ուժի մասին է ՝ հասարակական գործիչների, զինվորականների, դիվանագետների, ծրագրավորողների, քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, տեխնիկների, գյուղատնտեսների, բժիշկների, ինչու չէ, գործարարների ու բանկիրների մասնակցությամբ։ Քաղաքական ուժի, որը կարող է ընտրողների ցանկացած շերտի հետ խոսել իր լեզվով։ Վստահաբար կարելի է նշել, որ նման հմտություններով և անբիծ անցյալով մարդիկ մեր երկրում, բարեբախտաբար, դեռևս կան, իր հերթին էլ՝ քաղաքական այդ նիշան պարզապես չի կարող երկար ժամանակ դատարկ մնալ, հետևաբար՝ հանրային պահանջի իրագործումը ընդամենը ժամանակի հարց է…