Արցախյան պատերազմում զոհված 31–ամյա Սասուն Մովսեսյանը այդպես էլ չհասցրեց ընտանիքի հետ վայելել Արցախը։ Սեպտեմբերի 26–ին՝ պատերազմի նախորդ օրը, Սասունը կնոջ՝ Սոնայի, նրա եղբոր և երկու որդիների՝ 8–֊ամյա Գագիկի և 6֊–ամյա Դավիթի հետ մեկնել էր Արցախ՝ անցկացնելու ընտանեկան հանգիստը։ Սեպտեմբերի 27֊–ի առավոտյան, երբ սկսվեց Արցախի դեմ լայնածավալ պատերազմը, Սասունն ընտանիքին ուղեկցել է հայրենի գյուղ՝ Ավշար և նույն օրը վերադարձել Արցախ։ Պատերազմի ընթացքում Սասունը եղել է ռազմաճակատի բոլոր ուղղություններում։ Սկզբնական շրջանում իր մեքենայով արտասահմանյան լրագրողներին է ուղեկցել թշնամու հրթիռահրետանային կրակի թիրախում հայտնված գյուղեր և քաղաքներ, իր հերթին լուսանկարել ավերված բնակավայրերը, հացրել մտերմանալ իսպանացի լրագրող Պաբլո Գոնսալեսի, Wargonzo ալիքի լրագրող Սեմյոն Պեգովի հետ։
Պատերազմի ընթացքում Սասունը մի քանի անգամ հետ է վերադարձել Հայաստան, կազմակերպել դրամահավաք, որից գոյացած հասույթով, ինչպես նաև իր միջոցներով առաջին անհրաժեշտության պարագաներ և սնունդ է հասցրել զինվորներին։ Գիշերային տեսանելիության սարքեր գնելու նպատակով անգամ վաճառել է իր ավտոմեքենան։ Նրան հասցրե են ճանաչել և սիրել Շուշիի, Քարինտակի և Ստեփանակերտի պաշտպանության համար մարտնչող շատ զինվորներ։ Պատերազմի ամբողջ ընթացքում լրագրողների հետ թեժ կետերում լինելուց բացի Սասունը նաև սնունդ, ջուր և նյութատեխնիկական սարքավորումներ է հասցրել մարտական դիրքերում գտնվող զինվորներին, անցնելով ամենաբարդ, վտանգավոր և հրետակոծվող ճանապարհներով։ Իսկ նոյեմբերի սկզբից մասնակցել է Քարինտակ–Շուշի–Ստեփանակերտ հատվածի պաշտպանությանը։ Սասունը զոհվել է նոյեմբերի 6–ի երեկոյան Շուշիի մատույցներում՝ ավտոմեքենայով զինվորներին հաց հասցնելու ճանապարհին։ Սասունը սիրում էր Արցախը՝ այն համարելով հայրենիքի անբաժանելի մասը։ Նա նվիրեց ամենաթանկը ամենաթանկին՝ կյանքը հայրենիքին։