Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարեւանությամբ կրակոցներ են հնչել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում եւ այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները։
Ոստիկաններն ու քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ եւ ատրճանակից կրակված պարկուճներ: Հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ:
Փաստի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության եւ քննչական բաժնում ստեղծվել են օպերատիվ խմբեր: