ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով հեշտացվում են ՔԿԱԳ ծառայություններից օգտվելու կարգը, որոշ ծառայություններ այսուհետ կմատուցվեն էլեկտրոնային եղանակով, վարչարարությունը կկրճատվի:
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:
Նախագծերով սահմանվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ: Նախատեսվում է Էլետրոնային դիմումների ներկայացման հնարավորություն. ՔԿԱԳ ծառայությունների մատուցումն իրականացնել նաև օնլայն հարթակի միջոցով: Այս տարի ներդրվել է այդ ոլորտում առաջին էլեկտրոնային ծառայությունը՝ ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում:
Գրեթե բոլոր գործընթացներում կնվազի վարչարարությունը: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը: Ներկայումս գրանցումը կատարվում է դիմում ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, սահմանվել է՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ անձի նախընտրությամբ օր: Կրճատվել են անվան փոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր: Հանվել են անվան փոխման համար կառավարության որոշմամբ սահմանված հիմքերը՝ հարգելի դեպքեր, օրինակ բարեհունչ անուն ընտրելը, դժվար արտասանելիություն կամ ՔԿԱԳ պետի որոշմամբ այլ դեպքեր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանվել է կրճատ ժամկետ՝ մինչև 3 օր: Ընդ որում, առանձին տառերի, թվերի ուղղագրական սխալների փոփոխության համար պետական տուրքը հանվել է, ինչի արդյունքում քաղաքացիները ստիպված չեն լինի ժամանակ ու գումար ծախսել վրիպակների շտկման համար: Հանվել են պետական տուրքերը՝ ամուսնության համար: