Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան ասում է, որ նոր տեսակի կորոնավիրուսը հաղթահարած մարդկանց շրջանում հիվանդության հետևանքներ կարող են լինել թուլությունը, հոգնածությունը, հիշողության և կենտրոնացման նվազումը, նաև գլխացավը, հազը, այրոցի զգացումը կրծքավանդակում: Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ շատ դեպքերում սուր շնչառական վարակ, գրիպ կամ COVID-19 տանելուց հետո, մարդը դեռ երկար ժամանակ իրեն թույլ ու հոգնած է զգում:
«Բացի դրանից, մարդը կարող է նկատել ճանաչողական որոշակի խանգարումներ, հիշողության, ուշադրության, կենտրոնացման անկում»,- ասաց Պշենիչնայան:
Նա ավելացրեց, որ շատ հիվանդներ երկար ժամանակ դժգոհում են հազից, մյուսները՝ գլխացավից, կրծքավանդակի հատվածում այրոցից, մկանային ցավից, գլխապտույտից, տախիկարդիայից: