Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակների համար, ապատեղեկատվական հսկայական հոսքեր են շարժման մեջ դրվել: Դեկտեմբերի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, և այդ հոսքերի բավականին մեծ մասը կառավարվում է արտերկրից ու չենք կարող բացառել դրանց առնչությունն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը մի օրինակ բերեց այդ ապատեղեկատվական հոսքից: «Առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները ռազմական առումով անցել է հանգիստ»,- ասաց Փաշինյանը: