Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պետք է ապահովեն Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ անվտանգության խորհրդի նիստում էլ է ասել՝ առանձին քննարկման առարկա է, թե խաղաղապահները մինչև շաբաթ օրը ինչու չէին տեղակայվել Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում:
«Բայց փաստն այն է, որ շաբաթ և կիրակի օրերին խաղաղապահ ուժերը տեղակայվել են այնտեղ, ինչպես նաև հրապարակել են իրենց պատասխանատվության գոտու թարմացված քարտեզ, որտեղ ներառված է նաև Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի շրջակա և հարող տարածքը: Սա նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները պետք է ապահովեն այդ տարածքի կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ քանի որ այդ տարածքը նոյեմբերի 9-ի դրությամբ եղել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, ապա պետք է շարունակի մնալ հայկական ուժերի վերահսկողության ներքո»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը շեշտեց, որ իհարկե Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ: «Բայց այն ուղղված է նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնել իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Խծաբերդ, Հին Թաղեր հատվածի ճակատագիրը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության առաջին լրջագույն փորձությունն է: Մանավանդ, որ Արցախի ՊԲ-ն չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ գործում են ադրբեջանցիները»,-ասաց Փաշինյանը:
Նա պարզաբանեց իր այդ միտքը՝ նկատի ունի, որ հայկական կողմը չպետք է անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են կասկածի տակ դնել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը: