«Իր ասածները քրեական գործի նյութ է, պետք է քրեական գործ հարուցեն և սկսեն հետաքննելը»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին, որտեղ Բաբայանը որոշակի մանրամասներ էր հայտնել պատերազմական գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև մեղադրանքներ էր հնչեցրել Մովսես Հակոբյանի վերաբերյալ:

«Շատ հետաքրքիր հայտարարություն է արել՝ քրեական գործ հարուցելու համար: Շատ ճշմարիտ, հետաքրքիր նյութեր է հրապարակել, որը քրեական գործ հարուցելու համար բավարար հիմքեր են, կարծում եմ՝ դատախազությունը քրեական գործ կհարուցի»:

168.am-ը Մովսես Հակոբյանից նաև հետաքրքրվեց, թե իր հայտնի ասուլիսից հետո, ՀՔԾ հրավիրվելուց բացի,  իր մասնակցությամբ այլ  քննչական գործողություններ, հարցաքննություն եղե՞լ են, ինչին նա բացասական պատասխան տվեց:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվեց Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հարցազրույցը, որի ընթացքում նա որոշակի մանրամասներ էր  հայտնել պատերազմի և մեր ձախողումների մասին: Նա նշել էր, որ միայն պատերազմի առաջին 15 րոպեների ընթացքում հայկական կողմը կորցրել էր հակաօդային ուժերի՝ 50, հրետանու՝ 40 տոկոսը: Նույն հարցազրույցի ընթացքում Բաբայանը խոսել էր նաև ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մասին՝ նշելով, որ ինքն առաջարկել է ստեղծել առանձին կառավարման կետ, որը պետք է ղեկավարեր Մովսես Հակոբյանը, սակայն վերջինը հրաժարվել է, և Բաբայանի կարծիքով՝  առկա իրավիճակն այդ հրաժարումի հետևանքն է.

«Երբ որ ես առաջարկում եմ ստեղծել մի հատ առանձին կառավարման կետ, որտեղ առաջարկում եմ Մոսիին, որ ինքը գնա այդ ուղղությամբ, հետագայում ինքն իր ելույթում ասաց, քանիոր ես եմ առաջարկել, հենց դրա համար ինքը հրաժարվել է: Մարդն այդ կոչումի տակ հրաժարվում է կատարել այդ հրամանը, հիմա հարց եմ տալիս, եթե գեներալ-գնդապետ, շտաբի պետ, հրաժարվում է կատարել իրենից կախված խնդիրը, ապա կրտսեր սպայից, գումարտակի հրամանատարից, գնդի հրամանատարից ի՞նչ եք պահանջում, նրանք էլ են հրաժարվել, այս վիճակը բերել է հենց այդ հրաժարումներից…»: