Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը հանձնվեց Ադրբեջանին։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանը։
«Գյուղում ռուս խաղաղապահներն են եղել, իրենց են մոտեցել ադրբեջանցիները, հավանաբար, ինչ-որ փաստաթուղթ են ցույց տվել ու ասել, որ այս գյուղն էլ է իրենց անցնում, ադրբեջանական տարածք է, խաղաղապահներն էլ դուրս են եկել։ Հիմա ռուս խաղաղապահները գնում են Ստեփանակերտ, Հին Թաղերում էլ ադրբեջանցիներն են»,- ասաց Այվազյանը։
Այվազյանը որևէ կերպ չի կարողանում հասկանալ դեպքերի նման զարգացումը. «Այսպիսի երկում կարո՞ղ ենք ապրել, եթե այս տարածքը մերն է եղել ու մենք կյանքով ենք պահել, հիմա ինչ-որ թղթով ասում են՝ դուրս եկեք, սա մերն է, ինչպե՞ս հասկանանք: Ըստ եռակողմ հայտարարության՝ այդ տարածքը պետք է մնար մեզ և եթե Նիկոլ Փաշինյանը հետևողական լիներ սահմանագծման ժամանակ՝ ոչ մի թուրք չէր կարող մտնել մեր սահման, բայց նա նստել է Երևանում, ասում է՝ մերն է ու վերջ»:
«Նոյեմբերի 29-ին մենք դիրքերը հանձնեցինք, եկանք Երևան, որ հանգստանանք, հետ գնանք, բայց պարզվեց, որ այդ տարածքն այլևս մերը չէ, իսկ «մոբ»-ը մինչև վերջին վայրկյանը պահել է դիրքերը»,- նշեց Այվազյանը:
Համայնքապետի խոսքով՝ գյուղում շաբաթ օրվա մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 6-7 անձ է վիրավորվել, գերեվարվել՝ 10 անձ:
Գյուղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա գտնվում են ՀՀ-ի տարբեր մարզերում:
Արփինե Հակոբյան