Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից գյուղեր՝ Ագարակ, Սրաշեն, Ներքին Հանդ, Ճակատեն, Շիշկերտ, Շիկահող տանող ճանապարհահատվածների մի մասը մնում է թշնամու սահմանի մեջ։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։

Սակայն նա նշեց, որ որոշ գյուղեր տանող այլընտրանքային ճանապարհներ կան, որոշների դեպքում ՝ ոչ․ «Թեև դեպի Ագարակ տանող այլընտրանքային ճանապարհ կա, սակայն քանդված վիճակում է գտնվում և վերանորոգման կարիք ունի, քանի որ այդքան էլ երթևեկելի չէ։ Բայց, օրինակ, դեպի Ճակատեն գյուղ տանող այլ ճանապարհ չկա»,- ասաց Փարսյանը։

Ինչ վերաբերում է Ագարակ գյուղին, ապա նշեց, որ խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։

 

Խոսելով Գորիս-Կապան ավտոճանապարհի այն հատվածների մասին, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, Փարսյանը նշեց, որ այնտեղ հերթապահելու են ռուս և հայ սահմանապահները

Փարսյանը նաև հայտնեց, որ մարզում փակ է Մ2 մայրուղին, փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները։ Կառավարության դեկտեմբերի 17-ի նիստում փոխվարչապետ Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացվում են տեղակայման աշխատանքներ։

Ինչպես հայտնի է, Սյունեցիները փակել էին Կապան-Երևան ավտոճանապարհը և պահանջում էին, որ պետությունը քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով: Սյունիքի մի շարք դիրքերում թշնամու դիմաց կանգնած են գյուղացիներից կազմված կամավորական ջոկատներ: 

Քաղաքապետը հաստատեց տեղեկությունները, որ բողոքի ակցիայի ժամանակ Կապանում կրակոցներ են հնչել․ «Մեր կամավորներից մեկը, ցավոք սրտի, վիրավորվել է արկի պայթյունից։ Քանի որ շտապօգնությունն անցնում էր այդ ճանապարհով, իսկ ցույց անող քաղաքացիների մեքենաները խանգարում էին և պետք էր վիրավորին արագ հասցնել հիվանդանոց, դրա համար օդ կրակեցին, որ ճանապարհը բացեն, որ շտապօգնության մեքենան անցնի։ Սա է իրողությունը»,- պարզաբանեց Փարսյանը։