Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխին, կարծես թե, մութ ամպեր են կուտակվում: Օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացրել քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով իր աշխատանքը բոլոր առումներով տապալած քաղաքապետի հրաժարականը, երեկ էլ սկանդալային տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են բունտ անում արդեն քաղաքապետարանի աշխատակիցները, և որքան էլ որ վերջիններիս ցանկացան ներկայացնել իբրև 13-րդ աշխատավարձ պոկող նյութապաշտներ՝ ճշմարտությունը շատ արագ ջրի երես դուրս եկավ, պարզ դարձավ, որ նրանց միակ պահանջը Մարությանի հրաժարականն է: Հարթ չեն ընթանում նաև Մարությանի հարաբերությունները վարչապետ Փաշինյանի հետ, ըստ որոշ տեղեկությունների` Մարությանն ու Փաշինյանը շուրջ վեց ամիս է, ինչ միմյանց հետ չեն շփվում:

Երևանցիները արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ քաղաքապետը կամ արձակուրդում է, կամ սկանդալների կիզակետում: Ընտրվելուց մինչ օրս Մարությանը թաթախվել է մի շարք կասկածելի գործարքներում, որոնց հակաօրինական բնույթը եթե չի հաստատվել, ապա, վստահաբար, չի էլ հերքվել: 

Տեւական ժամանակ է, ինչ քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր անդամները փորձում են հասկանալ` քաղաքապետ ընտրվելու պահին Հայկ Մարությանը եղել է երկքաղաքացի՞, թե՞ հասցրել է հրաժարվել Չեխիայի քաղաքացիությունից։ Բանն այն է, որ ըստ Չեխիայի օրենսդրության` մինչեւ 2011 թ. երկրում անշարժ գույք կարող էին ձեռք բերել միայն Չեխիայի քաղաքացի համարվող անձինք։ Ինքը Մարությանը մինչ օրս էլ խուսափում է պատասխանել այս հարցին: 

Մարությանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կասկածում է մեկ այլ օրենք խախտելու մեջ ևս: Խոսքը Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման մասին է: 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Հայկ Մարությանը ստանձնել է Երևանի քաղաքապետի պաշտոնը ու դրան զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն: Փաստաթղթերում առկա տեղեկության համաձայն` ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2010 թվականին, սակայն քաղաքապետն իր պաշտոնավորումից հետո չի դադարեցրել տնօրենի գործառույթները: Նշենք նաև, որ պաշտոնական տեղեկության համաձայն` 2019–ի դեկտեմբերի 16–ին «Երկուս ու կես» ՍՊԸ–ն լուծարվել է։ 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2019-ի մարտի 11-ին ՝ ընտրվելուց մեկ տարի անց շռայլ ժեստ է արել իր հետ ջերմ հարաբերություններ ունեցող ոմն էդգար Պստիկյանի հետ առնչվող «Պստո» և «Վիտազ» կոնսորցիումին՝ ՍՊԸ-ի հետ կնքելով Երևանի քաղաքապետարանին 109 միլիոն դրամ գեորգինայի, զինածաղկի և պետունյայի ծաղկասածիլներ մատակարարելու պայմանագիր։3 չափաբաժիններով մրցույթին մասնակցել է ևս 2 ընկերություն՝ «Արտեմիս» և «Սիրանույշ», սակայն բոլոր ենթամրցույթներում «Պստո»-ն ավելի ցածր գին է առաջարկել ու հաղթող ճանաչվել։ Թվում է՝ հաղթել է արդարությունը, քաղաքապետարանը մեկից ավելի մասնակցով մրցույթ է անցկացրել, հաղթել է ավելի ցածր գին առաջարկած ընկերությունը։ Բայց սա` միայն առաջին հայացքից, քանի որ սույն ընկերության միակ հիմնադիր Էդգար Պստիկյանը (պետռեգիստրի թղթերում այսօր Պստիկյանի մասնակցությունը դադարեցված է) մտերիմ է քաղաքապետի հետ․ նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է մի պայծառ լուսանկար, որտեղ ինքն է, Հայկ Մարությանը և դերասան Հրանտ Թոխատյանը, որից երևում է, որ մրցույթի պատվիրատուն ու շահողն առնվազն մտերիմ բարեկամներ են։ Երջանիկ պատահականությամբ, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալուց հետո Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր տենդերները շահում են Հայկի ընկերներն ու մերձավորները 

Մարությանի օրոք տեղի ունեցած ամենամութ գործարքը, անշուշտ, կամազների հայտնի գործն է: Բանն այն է, որ Մարությանը երկար ժամանակ չէր ցանկանում բացահայտել քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության համար օգտագործվող 54 աղբատար մեքենաներից 21-ի նվիրատուների ով լինել: Ըստ էության, մայրաքաղաքի իշխանությունները բացահայտեցին, որ թափանցիկ չեն աշխատում: Ինչո՞ւ պետք է աղբահանության համար նվիրատված մեքենաների մասին հանրությունը ժամանակին չիմանար քաղաքապետից, այլ վերջինս ստիպված էր այդ փաստը բացահայտել ավագանու նիստի ժամանակ՝ ավագանու անդամներից մեկի հարցադրման արդյունքում: Ավելին, Երևանի քաղաքապետը, մինչև նոյեմբերի 28-ը տառապելով ամնեզիայով, չէր ցանկանում հիշել, թե ովքեր և որ կազմակերպություններն են այդ մեքենաները նվիրել մայրաքաղաքին, իսկ երբ պարզվեց որ բարերարները բոլորին հայտնի օլիգարխներն են՝ քաղաքապետը չկարողացավ բացատրել, թե ինչ զուգադիպությամբ է այդ նույն ժամանակ վերջիններիս շինթույլտվություններ տրամադրել: 

Թեև քաղաքապետ Մարությանը խոստացել էր, որ իր ղեկավարման շրջանում ապօրինի շինթույլտվություն ստանալը բացառված է լինելու, առնվազն մեկ նման թույլտվության մասին հանրությունը տեղյակ է: Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Գալաքսի» ընկերությունների խումբը ստացել է շինթույլտվություն որոշակի ծառայության դիմաց։ 2018թ․ փետրվարի 2-ին՝ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք, Խաչատրյանների ընտանիքը ստացել էր հերթական շինարարության թույլտվությունը մինչև 11 հարկ կառուցելու համար 2019 թվականի նոյեմբերի 22-ին Հայկ Մարությանը Խաչատրյանների ընտանիքին տալիս է շինարարության թույլտվություն 5 հարկ ավել շենքը կառուցելու համար: Թե ինչ ծառայություն է մատուցվել մայրաքաղաքի կենտրոնում հարկայնության նման բարձրացման համար, մամուլը արդեն խոսել է. 1.5 մլն դոլար արժողությամբ աղբատար մեքենաների հավաքատեղի է կառուցվում Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում։ 

Ինչպես տեսնում ենք՝ Մարությանը իրավամբ հանդիսանում է հեղափոխական իշխանությունների ամենասկանդալային դեմքերից մեկը և բնավ զարմանալի չէ, որ երևանցիների և անգամ իր աշխատակիցների համբերությունը հատել է՝ վերածվելով հրաժարականի հստակ պահանջի: Սրան զուգահեռ, իրականության մեջ երեւանցին շարունակում է մահաբեր «գազելներով» երթեւեկել, ապրել այն շենքերում, որի նկուղներն առնետներով ու կոյուղաջրերով են լցված: Հավելենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետը այս ընթացքում Երեւանում ոտքով չի շրջել ու չի նկատում, թե ինչ վիճակում է մայրաքաղաքը, մինչդեռ ընտրվելիս լրիվ այլ խոստումներ էր տալիս: