Արցախի ԱԱԾ-ն, ելնելով իր սպեցիֆիկայից, գործառույթներից եւ ստեղծված իրադրությունից, պետք է իրավական ճանապարհներ փնտրի ժողովրդի զինված լինելը օրենքով սահմանելու համար, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի Արցախցին զգում է դրա կարիքը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Մինչեւ ադրբեջանական զինվորական շարասյունն անցնում է Ստեփանակերտով, ավելի կոնկրետ՝ Մազի կամուրջով Շուշի բարձրանում, Արցախի ԱԱԾ-ն զուգահեռ հաղորդագրություն տարածեց՝ կոչ անելով արցախցիներին, որպեսզի պատերազմի ընթացքում ստացած զենքերը հանձնեն։ Հակառակ պարագայում սպառնաց... արդեն կարեւոր չէ թե ինչով։

Ադրբեջանական տեսանյութը պատիս չեմ դնում, որովհետեւ մեքենայում գտնվողները հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում, բայց այլ բանի մասին էի ուզում խոսել։

ԱԱԾ-ի հայտարարությունը, այսպես ասեմ, դասական պայմաններում կհասկանայի, իսկ հիմա չէ։

Հատկապես այն ինչ տեսանք Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերի, Շուշիի շրջանի տարբեր գյուղերի դեպքում, էլ չեմ ասում Ադրբեջանի ափի մեջ գտնվող Արցախի մասին, ապա այս հայտարարությունը իրավիճակին համահունչ չէ։

Արցախի ԱԱԾ-ն՝ ելնելով իր սպեցիֆիկայից, գործառույթներից եւ ստեղծված իրադրությունից, պետք է իրավական ճանապարհներ փնտրի ժողովրդի զինված լինելը օրենքով սահմանելու համար, համենայն դեպս այնքան ժամանակ, քանի Արցախցին զգում է դրա կարիքը։ Թեկուզ սահմանափակումներով։

Իսկ կարիքը կա եւ եթե ԱԱԾ-ն հանրային տրամադրություններին չի տիրապետում՝ շատ ավելի վատ, իսկ եթե տիրապետելով է նման հապճեպ քայլերի գնում, դա արդեն այլ բնույթի մտահոգություններ է առաջացնում։

Կրկնում եմ՝ շտապողականությունը ընդհանրապես հասկանալի չէ»։