Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ցանկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հեռացնել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Մեծամասնություն կազմող խմբակցությունը հարցի վերաբերյալ նախագիծ է դրել շրջանառության մեջ։ Նախագծում որպես հիմնավորում նշված է, որ Զոհրաբյանի կողմից արվում են Սահմանադրությամբ ամրագրված մարդու՝ որպես բարձրագույն արժեք, անօտարելի արժանապատվությունը ոտնահարող, նվաստացնող եւ վիրավորանք պարունակող հայտարարություններ։ Օրինակ է բերվում պատգամավորի ֆեյսբուքյան մի քանի գրառումներ, որոնցից մեկ դեկտեմբերի 17-ին արված հետեւյալ գրառումն է․ «Ես ատում եմ քեզ, ժեխ, որ իշխանության բերեցիր քո նմանին, ով դանդաղ փակում է մեր պետականության էջը»։
Եթե իմքայլական պատգամավորները գոնե ընդհանուր պատկերացում ունենային պատգամավորի լիազորություններ կոչվածի մասին՝ տեղյակ կլինեին, որ, ըստ էության, Նաիրա Զոհրաբյանը դուրս չի եկել իր լիազորությունների շրջանակներից և արտահայտել է իր կարծիքը իբրև ՀՀ քաղաքացի և ոչ թե որպես ՀՀ պատգամավոր: Այդ կարծիքը չի արտահայտվել, օրինակ, ԱԺ հանձնաժողովի էջով, հետևաբար այն որևէ կերպ պաշտոնական համարվել չի կարող, իսկ իմքայլականների շրջանառության մեջ դրված նախագիծը ընդամենը մանր քենախնդրություն է և ընդդիմության առանցքային դեմքերից մեկին լռեցնելու պրիմիտիվ փորձ:
Հետաքրքիր է՝ իսկ որտե՞ղ էին այդքան սկզբունքային և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով իմքայլականները, երբ իրենց վարչապետը հանրության մի ստվար հատվածի անվանում էր վնգստացող շնաբարո դուրսպրծուկ: Որտե՞ղ էին նրանք, երբ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանը ամենատգետ կերպով վիրավորում էր իր իսկ թիմակից Սոֆյա Հովսեփյանին: Իրավունքների իմքայալական պսեվդոպաշտպանները անգամ իրենց թիմակցին չպաշտպանեցին ,առաջինը հրապարակային Հովսեփյանին աջակցել էր հենց Նաիրա Զոհրաբյանը, որպես կին և որպես պատգամավոր՝ կոչ անելով դրվագը ուսումնասիրելու նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծել՝ իմքայալականները, իհարկե, չարձագանքեցին, ձեռնտու չէր: Որտե՞ղ էին նրանք, երբ իրենց թիմակից Ավանի փոխթաղապետը ֆիզիկական հաշվեհարդարով էր սպառնում գեներալ Յուրի Խաչատուրովի որդուն և մյուս ընդդիմադիրներին, ընդ որում անում էր դա հրապարակայնորեն՝ չարժանանալով որևէ քննադատության իշխանական թիմի կողմից: Որտե՞ղ էին նրանք, երբ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը կապիտուլյացիոն խայտառակ ակտի ստորագրումից հետո՝ նոյեմբերի 25-ին իր ֆեսյբուքյան էջով տարածում էր Փաշինյանի աջակիցների՝ սեռական հայհոյանք և սպառնալիքներ պարունակող տեսանյութերը ուղղված իհարկե Փաշինյանի ընդդիմախոսներին:
Վերը նշված օրինակները կարելի է անսպառ շարունակել, սակայն անգամ այս դրվագների թվարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ այն ինչ այսօր փորձում են անել իմքայալականները Նաիրա Զոհրաբյանի հանդեպ՝ պարզ քաղաքական հաշվեհարդար է: Ինչպես երևում է ԱԺ ամենասկզբունքային ընդդիմադիր պատգամավորներից մեկի ակտիվությունը իսկապես մեծ գլխացավանք է դարձել իշխող քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների համար և վերջիններս սովորության համաձայն խնդիրը լուծելու համար որոշել են անտեսել գրված և չգրված բոլոր օրենքները…