Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ասուլիս ունեցավ, որում կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ չի արդարացնում բռնությունը և ցանկացած բռնություն իր համար անընդունելի է՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած իմքայլական պատգամավորների և ցուցարարների բախումներին․ «Երեկվանից ինձ հետ կապվել են իմքայլական տարբեր պատգամավորներ և ասել, որ ստիպված են լինելու քվեարկել ինձ հանձնաժողովի նախագահից զրկելու Նիկոլ Փաշինյանի և սորոսական խմբակի նախաձեռնությանը, որովհետև նրանց սպառնացել են և ասել են՝ քվեարկությունները կնկարեք և կուղարկեք «Իմ քայլը» խմբակցության ղեկավարությանը։ Հարգելի՛ պատգամավորներ, ովքեր զանգահարել են ինձ, հանգիստ կողմ քվեարկեք, քանի որ ինձ ասել եք, որ Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեզ բոլորիդ սպառնացել է՝ ասելով՝ դաժանագույն հաշվեհարդար կտեսնի»,- նշեց Նաիրա Զոհրաբյան։
Վերջինս հայտնեց, որ երբ զրկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնից, կլինի շատ ավելի ազատ որպես շարքային պատգամավոր․ «Ես մարդկայնորեն խղճում եմ Նիկոլ Փաշինյանին, իր սերունդների վրա մնալու է դավաճանի խարանը։ Ես անելու եմ ավելին, որ Նիկոլ Փաշինյանի կիրթ ընկեր և բարեկամ Ալիևը ճանաչվի ռազմական հանցագործ և ամեն ինչ անելու եմ, որ այս հանցագործների կլանը, երկիրը զավթած այս երիտհայերի կլանը օր առաջ հեռանա»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։