ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանի հանդիպումը քիչ առաջ ավարտվեց: Լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը. «Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանը ձևավորի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, ովքեր իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկայունությունը կայունացնենք և նախապատրաստվեք արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
Այդ ընթացքում, եթե կարիք կլինի, կքննարկենք Սահմանադրության մեջ փոփոխությունների հարցը:
Վարչապետն առաջարկում է, որ ինքը մնա պաշտոնում, ու գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք դեմ ենք, ես էլ մեր դիրքորոշումը վերահաստատել եմ:
Ես ներկայացրել եմ մեր մոտեցումը, վարչապետը ներկայացրել է իր մոտեցումը»:
Հարցին, թե ինչպես է խնդիրը լուծվելու, եթե կոմպրոմիսի չեն հասել, Մարուքյանը կարճ պատասխանեց՝ ճգնաժամը շարունակվում է: