Արգամ Սելիմյանը, ծնված 2001 թվականին, զոհվեց՝ հանուն հայրենիքի պաշտպանության Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում։
Արգամը շատ սիրված է եղել ուսուցիչների, ընկերների և շրջապատի կողմից: Նա մասնակցել է դպրոցում կազմակերպված միջոցառումներին՝ հատկապես հայրենիքին նվիրված․ «Նա նվիրված դասընկեր ու եղբայր էր, երբեմն ուսուցիչների հետ վիճել է՝ ընկերներին պաշտպանելու համար: Համարձակ էր, ուներ իր կարծիքը և ցանկացած պահի կարող էր ասել այն, ինչ մտածում էր: Երբեմն ընկերոջ հետ վեճի մեջ էր մտնում, ասելով, որ յուրաքանչյուր տղա պետք է և պարտավոր է ծառայել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արգամի քույրը՝ Մերի Սելիմյանը։
Արգամը ուներ բազում երազանքներ․ նա շատ էր սիրում մեքենա վարել ու ճանապարհորդել․ «Արգամը հայրենասեր, ազնիվ, կենսախինդ, աշխատասեր, կյանքով լեցուն տղա էր, սիրում էր հումորներ ու կատակներ: Անչափ շատ էր սիրում մեքենա վարել, և դա էլ պատճառ դարձավ, որ, դպրոցը դեռ չավարտած, ընդունվեց ավտոդպրոց»,- պատմում է Մերին:
Արգամը զորակոչվեց բանակ 2020 թվականի հուլիսի 16-ին։ Այդ օրվան Արգամը սպասում էր մեծ ոգևորությամբ, և հայրենիքի պաշտպանությունը համարում էր իր մեծագույն պարտքը․ «Ծառայել է Մեհրաբում, չեք պատկերացնի՝ ինչքան ոգևորված էր, օրերն էր հաշվում՝ երբ է ծառայության անցնելու, մենք էլ ուրախանում էինք իր ոգևորությամբ»,- հպարտությամբ նշում է հերոսի քույրը։
Արգամը 3 ամիս էլ չկար, ինչ ծառայության մեջ էր, երբ սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը․ «Երբ զինվորներին տանում էին Արցախ, այդ ժամանակ եղբորս մեքենան անսարք էր, և նրան չպիտի տանեին կռվի դաշտ, սակայն իր համառությամբ նա նստեց ուրիշի մեքենան, և ինքնակամ, անհրաժեշտ զենքը՝ մութ գիշերով, անանցանելի անտառներով հասցրեց տեղ ՝ միանալով իր ընկերներին»,- նշեց Մերին։
Թեժ մարտերի ժամանակ Արգամը, հաշվի չառնելով, որ ինքը միայն վարորդ է, կատարել է ռազմական բազմաթիվ գործողություններ, օգնել է հրետանավորներին, իսկ ազատ ժամանակ դանակներով փորել է խրամատ՝ փրկելով շատ ընկերների կյանքեր։ Իսկ կռվի դադարի ընթացքում էլ ընկերների տրամադրությունը փոքր-ինչ բարձրացնելու նպատակով երգել է հայրենասիրական երգեր․ «Նրանք եղել են տարբեր շրջաններում, ընդ որում, ամենաթեժ տեղերում՝ Դադիվանքում, Հադրությում, Ֆիզուլիում, Ջաբրաիլում , Կուբաթլուում և Կարմիր շուկայում: Չորս անգամ եղել են շրջափակման մեջ, սակայն իրենց մարտական հմտությունների շնորհիվ դժվարությամբ դուրս են եկել շրջափակումից՝ թշնամուն տալով բազմաթիվ զոհեր»,-ասաց հերոսի քույրը:
Արգամը իր փոքր ջոկատով պահել է 40 կիլոմետր տարածք: Նրանք կռվի դաշտում մնացել են 35 օր: Ավա՜ղ, նրանց վերջին կանգառը եղել է Կարմիր շուկան, որտեղ մի քանի օր համառ մարտերից հետո Արգամը անմահացավ․ «Հայտնվելով թշնամու թիրախում, Բայրաքթարի նենգ հարվածներից չկարողանալով պաշտպանվել՝ վիրավորում ստացան մի քանի զինծառայողներ, իսկ երկուսը՝ որոնցից մեկը եղբայրս էր, հոկտեմբերի 29-ին հավերժացան՝ հանուն հարենիքի»,- խորը ցավով նշեց մեր զրուցակիցը:
Հերոսի քույրը պատմում է, որ Արգամը երբեք չի երգել որևէ երգ, բայց այնքան է սիրել իր զինակից ընկերներին, որ մարտական ընդմիջման ժամանակ երգել է հայրենասիրական երգեր․ «Միշտ ասում էր՝ էս կռվի լավն էն ա որ, լիքը լավ ընկերներ ես ձեռք բերում, ասում էր, որ բոլորը լավ տղերք են, հաճախ էր կրկնում, որ ծառայությունը վերջացնելուն պես մշտապես միասին են լինելու՝ էնքան դժվար օրեր ենք ունեցել իրար հետ»,- վերհիշում է նա։
Երբ հերոսի վերջին իրերը բերեցին նրա ընտանիքին, նրա գրպանում էր նաև քրոջ՝ իրեն ուղղված նամակը․ «Իրենից ինձ հասավ միայն այդ թղթի կտորը՝ չորացած ու մաշված։ Նամակում գրել էի՝ հպարտ եմ, որ քո քույրն եմ, ի՛մ զինվոր»,- մեծ ցավով նշեց Մերին։
Արգամին շնորհել են հետմահու «Հերոսի կոչում»:
Զվարթ Պետրոսյան