ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն Արցախում եղել է նաեւ պաշտոնանկությունից հետո: Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Հարցին, թե ինչով է նա զբաղված եղել Արցախում, Աբրահամյանը պատասխանեց, որ ուղեկցում էր տարբեր նախկին ու ներկա պաշտոնյաների, անընդհատ Արցախի նախագահի նստավայրում էր. «Չգիտեմ, թե ինչ ծավալի քննարկումների է մասնակցել, կամ ինչ ազդեցություն է ունեցել որոշումների կայացման վրա, ինչ միջնորդական դերակատարություն է ունեցել: Ամեն դեպքում ՀՀ իշխանությունը պարտավոր է հանրայնացնել այն տեղեկատվությունը, թե ինչու է պատերազմի ընթացքում Քյարամյանին ազատել պաշտոնից, դա բավականին կարեւոր տեղեկատվություն է»:
Բացի այդ, Աբրահամյանի խոսքով, մինչեւ հիմա պատասխան չի տրվել այն հարցին, թե ինչու է Արցախի նախագահը հայտարարում, որ ՀՀ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել է. «Դրա պատասխանը դեռեւս չի հնչել: Դա լուրջ սպառնալիք է, որովհետեւ ԱԱԾ-ն պատասխանատու է մեր երկրի հասարակության, սահմանների անվտանգության համար: Իսկ այդ կառույցի նկատմամբ մեղադրանք է հնչեցվել»: