Այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողները ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ էր նշանակում հունվարի 11-ին ֆեյսբուքյան իր էջում արված գրառումը, որում մասնավորապես ասվում է.

«Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն»։

Լրագրողի հարցին, թե այդ ովքե՞ր են գալու և ապրեն Հայաստանում, Սինանյանը պատասխանեց.

«Էն մարդիկ, ովքեր գալու են մեզ հաղթեն, ու քանի որ մենք անպաշտպանունակ երկիր ենք ունենալու, քանի որ բնակչություն չենք ունենալու, հաղթելու են ու հողին տիրանալու են, ինչպես տիրացել են մեր հայրենիքի 9/10-ին, մի՞թե պարզ չի»:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պնդմամբ, իր գրառումը կոչ էր հայերին՝ ապրել հայրենիքում և երեխաներ ունենալ: Հարցին, թե ի՞նչ է անում դրա համար պետությունը, Սինանյանը պատասխանեց, որ այդ հարցը պետք էր տալ դեռ տարիներ առաջ:

«Տարբեր ծրագրեր կան, բայց հարցը դա չէ: Նույն հարցը տվե՞լ եք 30 տարի»:

Լրագրողի պնդումից հետո, որ այդ հարցն այն ժամանակ ևս տրվել է, Սինանյանը շարունակեց.

«Պետությունն ինչ անում է, պետք է ավելին անի, բայց խոսքը դրա մասին չէր, խոսքն այն մասին էր, որ մենք՝ որպես ազգ, խնդիր ունենք, մենք պետք է թվեր ունենանք մեր հայրենիքում»:
Լրագրողի հարցին, թե արտագաղթի վտա՞նգ եք տեսնում, հանձնակատարն արձագանքեց.

«Դա էլ եմ տեսնում, բայց միայն դա չի, գլոբալ իմաստով մենք դեմոգրաֆիկ խնդիր ունենք: Պրոբլեմն արդեն կա, այնպես չէ, որ նոր պետք է լինի, վերջին 30 տարվա, առնվազն մինչև 2018թ.-ը սարսափելի վարչարարությունն է եղել»: