Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում ունեցավ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ որոշելով ԲԴԽ անդամի թափուր տեղի համար առաջադրել վերջինիս թեկնածությունը։ Թեև Ջհանգիրյանը պնդում է, որ ինքը առաջարկը ստացել է խմբակցությունից և ոչ վարչապետից, սակայն մամուլում բազմիցս գրվել է, որ Փաշինյանն ամեն գնով ուզում է Ջհանգիրյանին մտցնել ԲԴԽ, որպեսզի իր բուռը հավաքի դատավորներին և «լուծի վնգստացողների» հարցը։
Նկատենք, սակայն, որ տարիներ առաջ երբեմնի թիմակիցների «ջրերը մի առվով չէին հոսում» և միմյանց վիրավորելու առիթը բաց չէին թողնում: Այդ մասին է վկայում նաև համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ Փաշինյանը հայտարարում է, որ Ջհանգիրյանը երազում է Գլխավոր դատախազ դառնալ: Լրագրողների այս դիտարկմանն անդրադառնալով` Ջհանգիրյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանն է ասե՞լ, չգիտեմ։ Գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը դեռևս անազատության մեջ մի հոդված է գրել, որտեղ ինքը հայտարարում էր՝ ինքը գտել է Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածուին՝ հանձինս Գագիկ Ջհանգիրյանի։ Ես տվել եմ համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադվելուն. իմ որոշումը դա է»:
Ավելին՝ ժամանակին Ջհանգիրյանը Փաշինյանի ներկայացրած նախագիծը «անգրագիտություն» էր որակել, վերջինս էլ ասել էր. «Ով իմ նախագիծը անգրագիտություն է համարում, անգրագետն ինքն է»: Ինչ վերաբերում է սրան՝ Ջհանգիրյանն արձագանքել է. «Ձեր այդպիսի գայթակղություններին չեմ տրվի, այդ անցած-գնացած… ես էլ հարյուրավոր լավ էպիզոդներ կարող եմ վկայակոչել իմ ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության որպես կալանավոր, բանտարկյալ գործունեության, բայց դրա ժամանակը չէ»:
Փաստորեն, տարիներ անց իրադրությունները փոխվեցին, ժամանակի ընթացքում լարված հարաբերությունները ջերմացան, պաշտոն ստանալու նկրտումները մեծացան:
Սոնա Հարությունյան