անի որ այս պահին պետություն չկա, Համալսարանը պետք է իր վրա վերցնի պատերազմում նահատակված տղաների հիշատակի հավերժացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պատերազմը ծանր կորուստներ եւ հետեւանքներ ունեցավ մեր երկրի եւ ժողովրդի համար: Հետպատերազմյան շրջանում ու հատկապես վերջին օրերին զոհված եւ անհայտ կորած զինվորների ընտանիքների շուրջ տիրող իրավիճակը այլեւս անտանելի է: Այն ընտանիքները, որտեղ մեծացել եւ դաստիարակվել են մեր նահատակները, պետք է լինեն բոլորիս ուշադրության կենտրոնում: Տղաներն ընտրել են գիտակցված մահը, որպեսզի մեր Հայրենիքը հարատեւի: Մեր ժողովուրդը պետք է գիտակցի, որ տղաները զոհվել են ոչ թե «հանուն ՈՉՆՉԻ», այլ՝ հանուն մեր Երկրի, հանուն մեր ապագայի: Ես անձամբ պատերազմի օրերին Արցախում տեսել եմ թե ապագայի հանդեպ ինչպիսի հավատով եւ հայրենիքի հանդեպ ինչպիսի սիրով են այդ տղաները նետվել մարտի:
Երեւանի պետական համալսարանը նույնպես մեծ կորուստներ ունեցավ այս պատերազմում: Զոհվել կամ անհետ կորել են շուրջ 100 համալսարանականներ: Համալսարանական գործընկերների եւ ուսանողների հետ որոշել ենք ստեղծել «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնությունը: Այցելելու ենք այդ ընտանիքներին, լսելու ենք իրենց զավակների եւ հայրերի կյանքի պատմությունը, նրանց երազանքների եւ նպատակների մասին, այդ ամենը հանրայնացնելու ենք, փոխանցելու ենք մեր ժողովրդին, պահպանելու ենք գալիք սերունդների համար:
Այցելելու ենք՝ հավաստիացնելու, որ մենք գնալու ենք իրենց անմահացած զավակների նպատակների եւ երազանքների հետեւից: Մենք կառուցելու ենք քաջ հայորդիների երազանքների երկիրը եւ երբեք ու երբեք չենք հրաժարվելու մեր տղաների արյունով պահպանված Հայրենիքի որեւէ հատվածից:
Եվ ինչպես սիրում էր Սպարապետի խոսքերն անընդհատ կրկնել Արցախում անմահացած մեր մարտական ընկեր, ԵՊՀ լավագույն ուսանող Գեւորգ Արշակյանը՝ «Մահացիր այնպես, որ մահդ էլ ծառայի Հայրենիքին»: Տղերք, Դուք ձեր մահն էլ ծառայեցրեցիք հայրենիքին, մենք Ձեզ ուժեղ Հայրենիք ու Հաղթանակ ենք պարտք»: