Հունվարի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Ա․ Մ․-ից, որի որդին ծառայել է Արցախի Հանրապետության Մեխակավանի, ժողովրդին հայտնի՝ Ջաբրայիլի զորամասում, և անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից տեղեկություններ չունի։ Հրազդանի ոստիկանները պարզել են, որ նշված զորամասի սպաներից մեկն իր կնոջ միջոցով Ա․ Մ․-ից 1 միլիոն 500 հազար դրամ գումար է վերցրել, իբրև թե՝ զինվորի բուժման համար, գրում է shamshyan.com-ը:
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ պատերազմական գործողությունների ժամանակ Ա․Մ․-ն իր որդուց ոչ մի լուր չի ունեցել, և տևական ժամանակ անց իր կինը ինչ-որ տեղից ճշտել է, որ որդին գտնվում է գերության մեջ, նաև գտել է ոմն Հարութի, որը ներկայացել է, որ զորամասի ծառայող է և խոստացել գումարի դիմաց ծնողների զինվոր որդուն գերությունից վերադարձնել տուն։ Ու խարդախությամբ, զինվորի ծնողների վստահությունը չարաշահելու եղանակով, 2 ամսվա ընթացքում տերմինալի միջոցով տիրացել է նրանց կողմից փոխանցված 1 միլիոն 500 հազար դրամին։
Ըստ աղբյուրի՝ հունվարի 13-ին ծնողներն իմացել են, որ իրենց որդին զոհվել է։ Կոտայքի մարզի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ զինվորի ծնողներին խաբած, նրանցից խարդախությամբ գումար կորզած ստահակին հայտնաբերելու ուղղությամբ։
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խարդախության փաստով։