Ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան արգելվում է եւ, ըստ հրապարակումների, նա փորձել է մուտք գործել Հայաստան, սակայն արդեն մի քանի օր է, ինչ 70-ամյա Ա. Վարպետյանը գտնվում է Զվարթնոց օդանավակայանում:
«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ իր եւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի անունից հարց է ուղղվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
«Հարցեր ենք հղել նրանց՝ պարզելու համար այդ ամենի իսկությունը: Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ պարոն Ալեքսանդր Վարպետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Զվարթնոց օդանավակայանի տարածքում, և նրա տեղաշարժվելու իրավունքը արգելված է: Մենք սպասում ենք նրանց պատասխանին»,- ասաց Զ. Փաստանջյանը:
Նշենք, որ 2002-ից առ այսօր արգելվում է ֆրանսահայ հայտնի էաբան եւ ազգաբան Ալեքսանդր Արորդի Վարպետյանի մուտքը Հայաստան:
Հինգ տարեկանում Ֆրանսիայից Խորհրդային Հայաստան տեղափոխված ու Երեւանում կրթություն ստացած Վարպետյանը 1975-ին վերահաստատվել է ծննդավայր Մարսելում: Ֆրանսիական քաղաքացիությանը զուգահեռ նա պահպանել է ԽՍՀՄ անձնագիրն ու քաղաքացիությունը, որն անկախությունից հետո նրա կամքով վերաձեւակերպվել է որպես ՀՀ քաղաքացիություն:
Սակայն, երբ 1994-ին Հայաստանում ընդունվել է երկքաղաքացիությունը բացառող օրենքը, երեք տարի անց Վարպետյանը զրկվել է ՀՀ քաղաքացիությունից: Մինչեւ 2002 թ-ը նա բնակվել է Հայաստանում: 2002-ին, սակայն, Վարպետյանի կացության կարգավիճակի ժամկետը չի երկարացվել եւ դրանից հետո ոչ մի կերպ ՀՀ իշխանությունները չեն թույլատրել նրա մուտքը Հայաստան:
2005-ի փետրվարին Վարպետյանը բաց նամակով դիմել էր ՀՀ իշխանություններին, բայց արձագանք չի ստացել: Նույն տարվա մայիսին Ֆրանսիայի քաղաքացին գրություն է ուղարկել ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին:
«Ես, փաստորեն, այն ժամանակ դիմել եմ կառավարությանը, ինձ պատասխանել են, որ չեն ստացել բոլոր մարմինների համաձայնությունը՝ ասելով, որ խոսքը ԱԱԾ-ին է վերաբերում: Ես դիմել եմ նաեւ ԱԱԾ եւ ստացել եմ մի պատասխան, որտեղ որ չկային որեւէ հիմքեր, որ ասենք կա մերժում, որ ԱԱԾ չի թույլատրում՝ Վարպետյանը գա Հայաստան: Պատասխանում որեւէ հիմնավորում չի եղել: Բանավոր էլ եմ փորձել հարցնել, նույն պատասխանին եմ արժանացել: Ցանկացած պետություն պարտավոր չէ բացատրություն տալ մերժելու ժամանակ: Հաշվի առնելով, որ նա եղել է բավականին հայտնի քաղաքացի, ինձ համար այդ հարցն այդպես էլ մնաց անհասկանալի: Ես չեմ գտնում, որ դա բավարար պատասխան է: Նա իր դիմումի մեջ այն ժամանակ գրել էր, որ ունի այստեղ բավականին մեծ հավաքածու գրքերի եւ այստեղ գալու ցանկության պատճառներից մեկը դա է: Ես հիշում եմ՝ ինքը նաեւ որդի ունի այստեղ ապրող, սակայն նրան արգելում են մուտք գործել Հայաստան»:
Քրիստինա Մկրտչյան