Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը պատերազմին մասնակցած զինծառայողի մորից առանձնապես խոշոր չափի՝ 1․5 մլն դրամ գումար է հափշտակել՝ իբրևէ թե գերության մեջ գտնվող զինվորի բուժման, գերությունից ազատելու և Հայաստան տեղափոխելու համար։ 41-ամյա տղամարդը կալանավորվել է, նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ու խարդախության հոդվածով մեղադրանք կա։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 41-ամյա գեղարքունիքցին իմանալով, որ հոկտեմբերի 1-ից հետո դադարել է կապը զինծառայողի և հարազատների միջև, Կոտայքի մարզի բնակիչ կնոջը հայտնել է, թե իբր ծառայում է զինված ուժերում, ծանոթներ ունի և զբաղվում է նրա որդու որոնողական աշխատանքներով:
Իմանալով, որ վերջին անգամ զինծառայողին տեսել են մարտի դաշտում՝ վիրավորված, նա, իրականությունը խեղաթյուրելով, զինծառայողի մորը հայտնել է, թե որդին վիրավոր է և գերության մեջ:
«Որդու բուժման և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում 41-ամյա տղամարդը խաբեությամբ, մաս-մաս պահանջել է խոշոր չափերի, ընդհանուր՝ 1.5 մլն դրամ, որը Հրազդանի բնակչուհին փոխանցել է նրա կողմից տրամադրված հաշվեհամարին, իսկ վերջինս կանխիկացման եղանակով հափշտակել է այն»,- հայտնել են ՔԿ-ից։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետով (պատժվում է տուգանքով' նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ' 2-5 տարի ժամկետով):
Եթե 41-ամյա տղամարդու հանցավոր գործողություններից տուժել են այլ քաղաքացիներ, Քննչական կոմիտեն խնդրում է դիմել Կոտայքի մարզային քննչական վարչություն (հեռ.՝ 0223-7-00-01) կամ ոստիկանության Կոտայքի կամ մոտակա բաժին: Միաժամանակ հորդորում է նմանատիպ հարցերով չհամագործակցել որևէ անհատի հետ, այլ դիմել իրավապահ մարմիններին: